«Հասարակությունն իշխանությունների գլխավոր հակակշիռն է, և որքան զարգացած է հասարակությունը, այնքան զարգացած և ուժեղ է իշխանությունը». Արայիկ Մանուչարյան
Գերմանիայում բնակվող քաղաքական և PR տոխնոլոգիաների մասնագետ Արայիկ Մանուչարյանի հետ 168.am-ը զրուցել է հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների մասին։
«Թավշյա հեղափոխության» մասին
«2018թ. ապրիլ ամսին բոլորը սպասում էին, թե իշխանությունն ինչ գործողություններ կանի՝ իշխանությունը պահելու համար։ Մարդկանց մեծ մասը չէր էլ հավատում, որ կարող է հեղափոխություն կամ իշխանափոխություն տեղի ունենալ, չէին հավատում նաև, որ իշխանությունները որևէ գործողություն չեն անի՝ իրենց իշխանությունը պահելու համար։ Բայց փաստացի որևէ գործողություն չեղավ, և տեղի ունեցավ այդ հեղափոխությունը։ Հետո սկսվեցին զարմանալի գործընթացներ. Փաշինյանը դարձել էր վարչապետ, և ստեղծվել էր բավականին հետաքրքիր իրավիճակ, երբ խորհրդարանում քաղաքական մեծամասնությունը դարձել էր ընդդիմություն»,- ասաց փորձագետը։
Նա հիշեց, որ «թավշյա հեղափոխությունից» հետո եվրոպացի գործիչներից մեկն իրենից հետաքրքրվել է, թե ինչպես է դա տեղի ունեցել, և ինչքան էլ փորձել է բացատրել, եվրոպացի գործիչը ոչ մի կերպ չի կարողացել պատկերացնել. «Նա հարցնում էր՝ այդ ձևավորված խորհրդարանը նույն ժողովո՞ւրդը չի ընտրել։ Ես էլ բացատրում էի, որ դրանից մեկ տարի առաջ են եղել ընտրություններ, նա էլ զարմանում էր, թե՝ եթե նախկինում ընտրել են, հիմա ինչո՞ւ են նման գործընթացներ տեղի ունենում։ Ես բացատրում էի՝ հանրությունը վստահ չէ, որ խորհրդարանն իրենց ձայներով է ձևավորվել։ Նա էլ հակադարձում էր՝ ո՞րն է իմաստը «անվստահելի» պառլամենտում ընտրվել վարչապետ, ձևավորել կառավարություն։
Վերջում, ինչպես պտտվում էինք, հասկանում էինք, որ հայկական առանձնահատկություն կա այդտեղ, որը եվրոպացիների համար անհասկանալի է։ Եվրոպացի քաղաքական գործչին դժվար էր բացատրել նաև, որ Ազգային ժողովի քաղաքական փոքրամասնությունը ձևավորել է կառավարություն, ընտրել վարչապետ, իսկ մեծամասնությունն ընդդիմություն է»։
Արայիկ Մանուչարյանն ընդգծեց, որ սկզբում թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում տարբեր քաղաքական գործիչների հետ է շփվել. բոլորը շատ տպավորված են եղել «թավշյա հեղափոխությամբ»։
«Հատկապես Ռուսաստանի ընդդիմադիր դաշտի գործիչների մեծ մասը տպավորված էր Հայաստանում տեղի ունեցածով։ Բայց հետո հենց նույն այդ մարդիկ սկսեցին մտահոգիչ հարցադրումներ անել այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Նրանք այն կարծիքին էին, որ Փաշինյանը գնում է շուտափույթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու ճանապարհով, մյուս ուժերին պատրաստվելու հնարավորությունից զրկելով, քանի որ մտավախություն ուներ, թե հեղափոխական ալիքն արագ կնվազի: Կարծես թե դրա համար հիմքեր չկային, սակայն հեղափոխականները, միգուցե, ավելի ճշգրիտ էին գնահատում ստեղծված իրավիճակը»,- ընդգծեց փորձագետը։
Բացասական են ընկալվում
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի նոր իշխանությունների ձևակերպումներն անհասկանալի են, պարզ չեն թե՛ տեղի հանրության, թե՛ արտերկրի համար։ «Ռուսաստանում մեծ արձագանք ստացան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված իրադարձությունները։ Ինձ համար էլ այդքան պարզ չէր, թե ինչու այդ ձևով փոխվեց իշխանությունների դիրքորոշումը։ Հիշում եմ, որ սկզբում նրանք ասում էին, թե ոչինչ չի փոխվել, Հայաստանինն է լինելու այդ պաշտոնը, քանի որ այն տրվել է երկրին, այլ ոչ՝ անձի։ Բայց հիմա ասում են, որ դա այդքան էլ կարևոր չէ, որ մեր այսօրվա օրակարգում դա 50-րդ հարցն է։ Գիտեք՝ նման բաները հատկապես դրսում բացասական են ընկալվում. երբ նման ծայրահեղություններով իշխանությունների դիրքորոշումները փոխվում են, դա այդքան էլ հասկանալի չէ, որովհետև այսօր բոլորն էլ ուզում են կանխատեսելի իշխանություններ։ Ռուսաստանն էր հատկապես մտահոգված, որովհետև ուզում են Հայաստանում տեսնել կանխատեսելի իշխանություն, որն ամեն կերպ իր դիրքորոշումները պահում է»,- հստակեցրեց նա։
Վստահությունը չամրապնդվեց
Քաղաքական և PR տեխնոլոգիաների մասնագետը նկատեց՝ քաղաքականության մեջ և սովորական կյանքում պարտադիր չէ անպայման փաստերով և ապացույցներով խոսել, որովհետև առօրյայում, ըստ նրա՝ դրանք այդքան էլ պետք չեն գալիս, եթե, իհարկե, դատարանում չես. «Բայց մենք ամեն օր դատարան չենք գնում, որ խոսենք փաստերով և ապացույցներով, շատ կարևոր դեր ունի վստահությունը։ Հատկապես, եթե ընդունում ենք, որ երկար ժամանակ չկար վստահություն իշխանության մեջ գտնվող անձանց նկատմամբ, եթե ասում ենք, որ հանրությունը չէր վստահում նախկին իշխանություններին, իրենց գործողությունների մեջ միշտ տեսնում էին ոչ թե պետության կամ ազգի մասին մտահոգություն, այլ տեսնում էին անձնական, կուսակցական շահ։
Եվ երբ այս գործընթացները սկսվեցին, դա չամրապնդեց վստահությունը դեպի նոր իշխանությունները, և մի ծայրահեղությունից բերեց մեկ այլ ծայրահեղության, ինչն ինձ համար բավականին մտահոգիչ էր, որովհետև հիմնական խնդիրը, որը կարող էին լուծել հեղափոխականները կամ նոր իշխանությունը, այդ վստահությունը վերականգնելն էր։ Ես չեմ էլ ուզում խոսել պատճառների մասին, բայց, ցավոք, այսօր հայ հանրությունը ծայրահեղ դիրքորոշումներ ունի»։
Հետաքրքիր ֆենոմեն
Նա ընդգծեց՝ այսօր Հայաստանի հանրության մեջ կա մի հատված, որը պատրաստ է անգամ վատ ապրել, միայն թե Փաշինյանը մնա իշխանության. «Սա հետաքրքիր ֆենոմեն է, եվրոպացին երբեք նման բան չի ասի. եվրոպացու համար առաջնահերթ է՝ տեսնել, թե ինչպես են անդրադառնում իշխանության գործողություններն իր կյանքի որակի վրա: Դա ցույց է տալիս հայ հանրության մի հատվածի անվերապահ վստահությունը դեպի Նիկոլ Փաշինյանը: Ձևակերպումներ կային, որ, եթե «Իմ քայլը» դաշինքի առաջին համարից բացի՝ մյուս համարներում նույնիսկ քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեցող անձանց նշանակես, անգամ մի քվեի տարբերություն չի լինելու, քանի որ «Իմ քայլի» օգտին քվեարկող բոլոր մարդիկ իրենց ձայնը տալիս են Նիկոլ Փաշինյանին»։
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին
Ընտրություններից 2 օր առաջ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն Արայիկ Մանուչարյանի համար անսպասելի էր. «Կարծում էի, որ Ռոբերտ Քոչարյանին այս ընթացքում չեն կալանավորի, բայց ընտրություններից 2 օր առաջ նա կալանավորվեց։ Հետո իշխանությունը հայտարարեց, որ դա բացարձակապես կապ չունի ընտրությունների հետ. դա զարմանալի էր, որովհետև ընդհանրապես նախընտրական շրջանում կատարվող ամեն բան կապ ունի ընտրությունների հետ, հատկապես՝ քարոզարշավի վերջին օրը: Դրանից հետո տարբեր կարծիքներ հնչեցին, որ դա պատասխան էր գաղտնալսումների հրապարակմանը, բայց դա ավելի մտահոգիչ է։ Ստացվում է՝ եթե այսօրվա իշխանությունների դեմ քայլ է արվում, ապա ավելի ուժգին են պատասխանում ու ոչ համաչափ: Դա քաղաքական պայքարի տարբերակ չէ»։
Դիտարկմանը՝ հանրությունը կարծես թե խրախուսում է դա, նա այսպես արձագանքեց.
«Այսօրվա Հայաստանի հիմնական խնդիրը դա է. զարմանքով լսեցի այնպիսի կարծիքներ, որ կալանավորումը քիչ է, որ այդ մարդկանց պետք է հրապարակում կախաղան բարձրացնել։ Անգամ, եթե հանրությունն ինչ-որ բաներ խրախուսում է և ուզում է այդ ճանապարհով գնալ, իշխանությունը նրա համար է, որ ինքը որոշի՝ պետության, ազգի ճանապարհը որն է. իշխանությունը չպետք է տրվի էմոցիոնալ այդ դրսևորումներին։ Հասարակությունն իշխանությունների գլխավոր հակակշիռն է, և որքան զարգացած է հասարակությունը, այնքան զարգացած և ուժեղ է իշխանությունը։ Դրանք փոխկապակցված են։ Ժողովրդի մեծ մասը հեղափոխությանն աջակցել է՝ ավելի լավ կյանք ունենալու հույսով, այն հույսով, որ այլևս չեն կրկնվի նախկինում եղած սխալները»: