
Ավտոներկրողները խնդրի առաջ են կանգնել

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի:
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ազգի 90 տոկոսը երկրորդ և դրանից հետո ձեռք բերած մեքենաները ոչ թե առք ու վաճառք, այլ նվիրատվություն է ձևակերպել:
«Նվիրվող մեքենայի 20%-ը պետք է հարկվի, և այսօր հարկային մարմինները բոլորին զգուշացրել են, որ մինչև ապրիլի 15-ը տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեն: Նրանք շեշտել են, որ շուկայական գնի 20 տոկոսը հարկվելու է: Օրինակ, եթե շուկայական գնով մեքենան արժե 5000 դոլար, 20 տոկոսն են պահանջելու՝ մոտ 800 դոլար: Բայց սա շատ մեծ գումար է, մեքենայի առք ու վաճառքով զբաղվողների շահույթն այդքան չի կազմում: Պետությունը պետք է համաների այս ամբողջ գումարը»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը:
Նա առաջարկեց գոնե ամեն մեքենայի համար 20.000 դրամ վճարել:
«Առաջարկում ենք, որ ֆիքսված գին ասեն»,- նկատեց Տիգրան Հովհաննիսյանը:
Նշենք, որ այսօր մինչ կառավարության նիստի մեկնարկը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել էր ակցիայի մասնակիցների հետ: «Եթե այսքանդ եկել ու ասում եք, որ մեքենա եք ուզում նվեր տալ ու չհարկվել, մի հատ մտածեք, էլի՝ ինչ եք ուզում: Եթե ձեզ թվում է, որ դուք պետք է մեքենա բերեք ու նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները՝ չի լինելու»,- ավտոներկրողներին ասել է Դավիթ Անանյանը:
Անի Կարապետյան