Ինչու Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին

ՀՀ նորընտիր իշխանությունները շնորհավորանքներ են ստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակելու կապակցությամբ։ Հատկապես նշանակալի է այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստացել Արցախի Հանրապետությունից, Միացյալ Նահանգներից, Եվրոպական միությունից, Գերմանիայից, Վրաստանից, Մոլդավայից, Թուրքիայի հայազգի պատգամավոր Գարո Փայլանից, Ֆրանսիայի հայկական կազմակերպություններից։

«Իմ քայլը» դաշինքը դեռ շարունակում է շնորհավորանքներ ստանալ աշխարհի տարբեր ծայրամասերից։ «Այս տարին Հայաստանի համար նշանակալի փոփոխության ժամանակ էր: 27 տարի է՝ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք շարունակելու ենք անել դա»,- ասված է ամերիկյան Պետքարտուղարության շնորհավորանքում։ ԱՄՆ-ը հայտնում է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստանի նոր խորհրդարանի և կառարավարության հետ աշխատանքին՝ նշելով.

«Խորացնելու մեր երկկողմ համագործակցությունը և գործընկերությունը, ամրապնդելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական հաստատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, խրախուսելու առևտուրն ու ներդրումները և ապահովելու տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությունը»։ Բրյուսելը ևս ակնկալում է Հայաստանի ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ աշխատանք` խորացնելու երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները:

«Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կառուցմանը»,- հայտարարել է ԵՄ-ն։

Իր հերթին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան ցանկանում է այսուհետ ևս իր աջակցությունը հայտնել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը և վերահաստատել Երևան իր այցի շրջանակում ձեռք բերված համաձայնությունը՝ երկկողմ հարաբերությունների խորացման վերաբերյալ։

Սակայն առավել ակներև է այն, որ ավանդաբար ՀՀ իշխանություններին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել շտապող ՌԴ իշխանություններն այս անգամ լռում են։ Ռուսաստանի օրինակին են հետևում նաև Հայաստանի գործընկերները ՀԱՊԿ-ում և Եվրասիական տնտեսական միությունում այն դեպքում, երբ նախկինում, այդ թվում՝ ՀՀ-ում տեղի ունեցած մայիսյան փոփոխություններից անմիջապես հետո եղան արձագանքներ թե Մոսկվայից, թե Մինսկից, և թե մի շարք այլ երկրներից։ Ամենայն հավանականությամբ՝ առաջիկա ժամերին Մոսկվան և Հայաստանի եվրասիական գործընկերները կարձագանքեն ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություններին, սակայն փաստը, որ ՌԴ իշխանությունները որոշել են չշտապել, որոշակի ուղերձ է ՀՀ իշխանություններին։

«168 Ժամի» հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն ասաց, որ ՌԴ նախագահը չպետք է շնորհավորի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում՝ կուսակցական պայքարում, հաղթելու կապակցությամբ։ Դա, նրա որակմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակը չէ։ Կոլերովի համոզմամբ՝ այդ հարցով պատասխանատու են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Նրանք պետք է արձագանքեն։ Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների մասին։ Այնուամենայնիվ, տարբեր պատճառներ կարող են լինել այս ուշացման համար, եղել է, չէ՞, որ ՀՀ նախկին նախագահին Միացյալ Նահանգները չեն շնորհավորել կամ շատ ուշ են շնորհավորել, տարբեր պատճառներ են լինում, և ամեն բան հնարավոր է։ Ինչպես ասում են, այդպես էլ է պատահում»,- ասաց Կոլերովը՝ ընդգծելով, որ ոչինչ չի բացառվում։

Մեր դիտարկմանը, թե նախկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի կապակցությամբ, Մոդեստ Կոլերովն արձագանքեց՝ ասելով, որ՝ այո՛, ստեղծված իրավիճակի համար կան պատճառներ։

Ռուս փորձագետն ասաց, որ ստեղծված իրավիճակը պետք է որ կապված լինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման հետ։ Նրա խոսքով, այլ պատճառ նման դիրքորոշման և ուշացման համար՝ չկա։ Կոլերովն ընդգծեց, որ այս հարցի վերաբերյալ Ռուսաստանի նախագահն իր հստակ դիրքորոշումը հայտնել է ՀՀ իշխանություններին։ «Մնացածն ավելի հստակ կլինի առաջիկա օրերին»,- ասաց նա։

Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն արձանագրեց, որ սա բացառիկ հանգամանք է հայ-ռուսական հարաբերությունների դեպքում, թեև պրակտիկայում նորմալ է, երբ շնորհավորանքները կարող են ուշանալ։ Բայց, նրա խոսքով, եթե շնորհավորանքի ավանդական մակարդակը ու ժամկետները փոխվում են, դա ազդանշան է, որ հարաբերություններում կա խնդիր, անվստահություն։

«Թե երկկողմ բնույթի ինչ խնդիրներ կան, ես տեղյակ չեմ։ Կա խնդիր ՀԱՊԿ-ում, որը բավականին հեռուն է գնացել։ Ակնհայտ է, որ կան տարաձայնություններ, որոնք պայմանավորված են ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշմամբ և որոշ հարցերի վերաբերյալ հայկական կողմի ավանդական վերաբերմունքի, դիրքորոշման փոփոխությամբ։ Չգիտեմ, թե որքանով հիմնավոր պատճառ է՝ ձգձգելու շնորհավորանքը։ Այնուամենայնիվ սա ուղերձ է, որ կա խնդիր: Եթե նույնիսկ շնորհավորանք լինի, ապա ռուսական կողմն արդեն իսկ փոխանցեց իր ուղերձը, և ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, տեղյակ են, թե հարցն ինչումն է»,- ասաց Ալեքսանդր Ռարը։

«168 Ժամ» թերթ

Տեսանյութեր

Լրահոս