
«Երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն, ամենավերջին բանը, որ կարելի է անել այսօր, տանը նստելն է». Վիգեն Սարգսյան

ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն 9/47 տեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասաց, որ մեծ ակնկալիք ունի, որ հանրությունն ակտիվ կմասնակցի ընտրություններին։
«Երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն, ամենավերջին բանը, որ կարելի է անել այսօր, տանը նստելն է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է գիտակցված ձայն տալ այն ուժին, որի հետ ընտրողը կապում է ապագան։
«Մեր մարտահրավերները շատ մեծ են, մեր ունեցած պաշարներն այդ մարտահրավրեներին անհամեմատ ավելի փոքր, և ես ակնկալում եմ, որ այսօրվա քվերակությունից հետո կունենանք երկիր, որտեղ գոնե այն հարցերում, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն՝ պաշտպանություն, անվտանգություն, արտաքին քաղաքականություն, մենք կհենվենք գիտելիքի, փորձի, հետևողականության վրա, և չենք անի քայլեր, որոնք կթուլացնեն մեր դիրքերն այս տարածաշրջանում»,- ընդգծեց ՀՀԿ ցուցակի առաջին համարը։
Վիգեն Սարգսյանն ընդգծեց՝ ՀՀԿ-ն բացարձակ վարչական լծակների վրա հույս չի դրել.
«Մենք հույս ունենք, որ մեր մտահոգությունները հասել են ընտրողին և հասարակությանը, և հույս ունենք, որ նրանք կվստահեն մեզ։ Հանրությունը հնարավորություն ունեցավ մանրամասն լսելու մեր դիրքորոշումները, կարծիքները։ Հույս ունեմ, որ քվեարկությունը կանցնի հանգիստ, ձայների հաշվարկը կլինի թափանցիկ և ընտրությունների արդյունքները բոլորիս համար ընդունելի կլինեն»։
Հարցին, թե կբողոքարկե՞ք ընտրությունների արդյունքները, նա պատասխանեց. «Եթե տեսնենք բողոքարկելու հիմքեր, կբողոքարկենք արդյունքները»։
ՀՀԿ-ի շաներսն, ըստ նրա՝ գնահատում է ժողովուրդը։