![](/banners/BeFunky-design.jpg)
«Եթե մենք այդպես ենք գնում, ուրեմն տանուլ ենք տվել մեր հեղափոխությունը». Մարիամ Ավագյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/Mariam-Avagyan.jpg)
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը, ով Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության պատգամավորի թեկնածուներից է, ասում է՝ եթե իրենք հայտնվեն ԱԺ-ում, ապա կներկայացնեն առաջարկ՝ կապված արցախյան բանակցային խնդրի հետ:
«Երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը բանակցային կողմ է, մեկ բառ անգամ չի ասում, թե արդյո՞ք Արցախը պետք է գնա Մինսկի խմբի համանախագահների մոտ ու քննարկում իրականացնի Մադրիդյան հայատյաց, պատերազմ խթանող սկզբունքների շուրջ: Եթե մենք այդպես ենք գնում, ուրեմն տանուլ ենք տվել մեր հեղափոխությունը:
Եթե Փաշինյանը տիրություն է անելու հեղափոխությանը, Արցախին պետք է ուղարկի ոչ թե մարդրիդյան սկզբունքների, այլ այլընտրանքային փաթեթների շուրջ բանակցելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Ավագյանը:
Նրա փոխանցմամբ՝ նոյեմբերի 29-ին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տանիքի ներքո միջազգային համաժողով է տեղի ունեցել, որին մասնակցել են Ավստրիայից, Բեյրութից, ՌԴ-ից, Բելգիայից, Արցախից, Հայաստանից ու այլ երկրներից: Թեման եղել է «Կասպից Արևմուտքում խաղաղության հաստատման հիմքերն ու ռեսուրսները» և նվիրվել է Գանձակի 1988-1989 թթ. ինքնապաշտպանությանը, Գարդմանքի և Գանձակի հայաթափման 30-րդ տարելիցին, Գարդմանքում, Գանձակում, Նախիջևանում, Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում 1987-1992 թթ. ցեղասպանության զոհերի, անհայտ կորածների հիշատակին:
«Առաջարկվեցին այլընտրանքային լուծումներ, որոնք կենսունակ են, կարող են դրվել միջազգային բանակցային քննարկման սեղանին՝ Մադրիդյան փաթեթը շպրտելով մի կողմ: Պետք է նշվի, որ 130 տարուց ավելի տարվում է հայության ցեղասպանություն և հիմա էլ շարունակվում է:
Ցեղասպանության վտանգի տակ ապրող երկիրն այսօր շրջապատված է թշնամական երկու պետություններով: Ավելին՝ որպես ցեղասպանված ժողովուրդ, մենք առաքելություն ունենք պաշտպանելու տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների շահերը, օրինակ՝ թալիշների: Հետևելով թալիշական լրատվությանը՝ կտեսնեք, որ այնտեղ ինչ-որ խուճապ կա, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ, եթե ադրբեջանցիները արցախյան բանակցային գործընթացն ի շահ իրենց օգտագործեցին՝ հերթն իրենց է հասնելու: Թալիշներին մինչև հիմա չեն ոչնչացրել, ուծացման ճանապարհով են տանում, հիմա կգնան նաև ֆիզիկական ոչնչացման:
Մեսրոպ Մաշտոցը ժամանակին փափուկ, մշակութային ուժ է կիրառել: Նա կարողացել է տարածաշրջանի բնիկ ժողովուրդներին գիր ու գրականություն մատուցել, նրանց համար գրեր է ստեղծել: Մենք պետք է ակտիվ լինենք, տարածաշրջանի վերակազմավորման հարցը բարձրացնենք»,- նշեց Մարիամ Ավագյանը:
Նա հայտնեց նաև, որ կառավարությանը հարցի վերաբերյալ ուղարկելու են մի շարք մշակված մոտեցումներ:
Անի Կարապետյան