«Ինչ-ինչ դիրքորոշումներ, չի բացառվում, որ որոշակի բացասական երանգ մտցնեն հայ-ռուսական հարաբերություններում». Եվսեև

«Չի բացառվում, որ Ռուսաստանին  չհաջողվի փոխզիջումային ճանապարհով լուծել այս հարցը, և հետաձգվի այն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական և ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով այսօր Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ նիստի հետաձգման շուրջ պաշտոնական մեկնաբանությունների շուրջ ստեղծված խնդրին և ՀԱՊԿ-ի ներսում ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք, որ հայկական կողմի պնդումը, թե ռուսական կողմն է առաջարկել հետաձգել ՀԱՊԿ նիստը, ըստ էության, փորձեց հերքել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ով ասել էր, թե հայկական կողմն է խնդրել հետաձգել՝ հաշվի առնելով ընտրական գործընթացները Հայաստանում: Սակայն հայկական կողմը կրկին պնդեց, որ դա եղել է ռուսական առաջարկ: Իսկ նախօրեին ստեղծված իրավիճակին է անդրադարձել  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով. «Ուշակովի մեկնաբանությունը կարիք չունի վերահաստատման։ Իսկ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունն անհանգստություն է առաջացնում՝ ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ՝ ձևով»:

Վլադիմիր Եվսեևի կարծիքով` ստեղծված իրավիճակն այնքան էլ հաճելի չէ: «Ինչպես երևում է, կողմերն այս հարցում միմյանց չեն հասկացել, և պաշտոնական հստակեցումները շարունակվում են: Հուսանք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում այդ հարցը կհստակեցվի, և թյուրիմացությունը կվերանա: Իմ գնահատմամբ՝ բացասական հանգամանք է, եթե կողմերից մեկը միտումնավոր փոխել է իրերի դրությունը, մանր-մունր ինտրիգները չեն նպաստում հարաբերությունների ընդհանուր ֆոնին: Իսկ հարաբերություններին ներկայումս կայունություն է անհրաժեշտ, քանի որ  Հայաստանում իշխանություն է փոխվել, և կողմերը  շարունակում են միմյանց հարմարվել և ճանաչել»,- ասաց Եվսեևը:

Փորձագետն ասաց, որ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին Ռուսաստանը ցանկանում է հայանպաստ լուծում տալ, քանի որ ամենախորը ռազմական համագործակցություն Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրների շրջանում ունի Հայաստանի հետ, բայց նման լուծում տալ դեռ չի հաջողվում անդամ մյուս երկրների դիրքորոշումների պատճառով, իսկ Հայաստանը չի զիջում, ավելին՝ սրում է իրավիճակը, փորձում է պարտադրել իր դիրքորոշումը: Բայց, նրա վստահեցմամբ, հարկավոր են փոխզիջումներ, և բոլոր կողմերը դա պետք է անեն, քանի որ կա խնդիր, որը պահանջում է լուծում:

«Սակայն հաշվի առնելով Բելառուսի և Հայաստանի դիրքորոշումները, չի բացառվում, որ  չհաջողվի փոխզիջումային ճանապարհով լուծել այս հարցը, և հետաձգվի այն, Ռուսաստանը ժամանակ կշահի, իսկ ժամանակի ընթացքում գուցե որոշ դիրքորոշումներ մեղմվեն, կամ այլ պատկեր ձևավորվի: Այստեղ մի հանգամանք եմ ուզում նշել հայկական կողմի դիրքրոոշման մասին, հայկական կողմը պետք է հաշվի առնի, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, ոչ թե ՀԱՊԿ-ն, իսկ ինչ-ինչ դիրքորոշումներ, չի բացառվում, որ որոշակի բացասական երանգ  մտցնեն հայ-ռուսական հարաբերություններում, որը հարկավոր չէ մեր երկկողմ հարաբերություններին, և դա ՀՀ ազգային շահերին դեմ է:

Ուստի պետք է սերտ համագործակցել Ռուսաստանի հետ՝ հասկանալով, որ Ռուսաստանն է ապահովում անվտանգություն, անվճար, ըստ էության, սպառազինություն տրամադրում և մի շարք այլ հանգամանքներ: ՀԱՊԿ-ի շրջանակում դիրքորոշումների առաջմղումը նման խնդիրների ուղեկցությամբ այնքան էլ նպատակահարմար չէ, հաշվի առնելով Բելառուսի և Ղազախստանի ադրբեջանամետ դիրքորոշումները, և այն, որ ԼՂ հակամարտության սրման դեպքում ՀԱՊԿ-ը միասնականորեն դրան չի արձագանքելու: Երկրորդ հանգամանքն էլ կցանկանայի նշել, որ միջազգային կառույցներում մինչ ինչ-որ քայլեր իրականացնելը, որոնք կարող են կապ ունենալ պարտավորությունների կատարման հետ, պետք է շատ մտածված լինեն, քանի որ, ինչպես տեսանք, մեկ սխալը խնդրի առաջ կանգնեցրեց կազմակերպությանը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս