«Սահմանամերձ շրջաններում և առհասարակ Հայաստանում ժողովուրդն անպայման պետք է զենք կրելու իրավունք ունենա». Ժիրայր Սէֆիլյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանի խոսքով՝ կուսակցության ներսում արդեն  բոլորի դերերը որոշված են, այսինքն, թե ապագայում ոչ ինչով պետք է զբաղվի։

«Ստեփան Գրիգորյանին ասացի, որ իր գործը, որպես դիվանագետ՝ պատերազմի կանխումն է, իսկ իմ գործը, որպես զինվորական՝ պատերազմում հաղթելն է։ Կուզեի, մեր ժողովուրդն իմանար, որ մենք որպես թիմ՝ դերաբաժանված առաջ ենք գնում»,- նշեց Ժիրայր Սէֆիլյանը։

Խոսելով Հայաստանի անվտանգության և գյուղական համայնքների խնդիրներից, Ժիրայր Սէֆիլյանն ասաց, որ անհրաժեշտ է մշակել և վարել համապատասխան քաղաքականություն, որպեսզի մտավոր աշխատանքով զբաղվող մարդիկ չլքեն գյուղերը, ավելին՝ քաղաքներից և սփյուռքից վերադառնան գյուղական համայնքներ։

«Մեր արևային համայնքները պատկերացնում եմ այսօրվանից, որ հենց այդպիսին են լինելու։ Այս ամենին զուգահեռ՝ պետք է տեղի ունենա Երևանի բեռնաթափումը բնակչությունից, քանի որ այսպես շարունակել հնարավոր չէ։ Հայաստանը, ներառյալ՝ Արցախը, պետք է վերածվի գոտիների, և համապատասխան հարկային քաղաքականությամբ և արտոնություններով տեղի ունենա բնակչության բեռնաթափում։ Ազգը, որն ուզում է գոյատևել, առանց գյուղաբնակ ժողովրդի հնարավոր չէ»,- շեշտեց Ժիրայր Սէֆիլյանը։

Կարդացեք նաև

Խոսելով երկրի անվտանգությոնից և սահմանների պաշտպանությունից, Ժ. Սէֆիլյանը հայտարարեց, որ 18 տարեկան երեիտասարդները պետք է հեռու մնան սահմանի առաջին գծից, և ՀՀ բոլոր սահմանները պետք է հագեցած լինեն արդիական տեխնոլոգիաներով և հատուկ զորքով, որտեղ կծառայեն բացառապես այն մարդիկ, որոնք արդեն ժառանգներ ունեն։

Նրա խոսքով՝ Հայաստանն ունի ժողովրդագրական  խնդիրներ, ուստի այս հարցում պետք է ուշադիր լինեն։

Նա նաև մատնանշեց այն աղբյուրները, որտեղից կլինեն ֆինանսնական հոսքեր՝ հատուկ զորքը պահելու համար։

«Մեր երկրին ներքին զորքեր անհրաժեշտ չէ, առհասարակ ներքին զորքերը կայսերական հասկացողություն է, մենք ազգային պետություն ենք, մեզ նման բան պետք չէ, ուստի տասնյակ-միլիոնները շուտով կուղղորդվեն դեպի այդ ուղղությամբ։ Ռազմական ոստիկանություն նույնպես անհրաժեշտ չէ, ըստ էության այն ապօրինի բանակ է, որը պահել է նախորդ ռեժիմը»,- նշեց Ժ. Սէֆիլյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ազգ-բանակ հասկացողության մեջ առնվազն սահմանային հատվածում ժողովուրդը պետք է զինված լինի, և առհասարակ Հայաստանում պետք է փոփոխվի զենքի մասին օրենքը, և հայ մարդը պետք է զենք կրելու իրավունք ունենա։

«Զենք հասկացողությունը սուրբ հասկացողություն է, որից դարեր շարունակ մեր ժողովրդին զրկել են, մեր ժողովրդին զինաթափված են պահել, ինչպես զինաթափված են այսօր։ Եթե այսօր սահմանում որևէ տեղ ճեղքում լինի՝ ամբողջ ժողովուրդը զինաթափված է։ Սկսելու համար չենք ասում՝ ամբողջ ազգին զինելու ենք, բայց ապագան անպայման այդպես է լինելու, սահմանամերձ շրջաններում ժողովուրդն անպայման պետք է զինված լինի, թե ինչպես, այս պահին չեմ ուզում շատ խորանալ»,- եզրափակեց Ժ. Սէֆիլյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս