Կոտայքի և Շիրակի մարզերում «Սասնա ծռերին» տեղեկացրել են գումար բաժանելու մասին
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության գնահատմամբ՝ նախընտրական քարոզարշավն անցնում է շատ արդյունավետ, ժողովրդի արձագանքը դրական է, մարդիկ հետաքրքրվում են կուսակցության ծրագրերով։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ կուսակցության անդամներն արդեն հասցրել են լինել ՀՀ մի շարք մարզերում և ժողովրդի մեջ տեսնում են լուրջ հենարան։
«Ամեն ինչ տանում է այն հանգուցալուծման, որ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը խորհրդարանում կլինի երկրորդ ուժը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վ. Ավետիսյանը։
Կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ Կոտայքի և Շիրակի մարզերում նախընտրական քարոզարշավի ժամանակ բնակիչներն իրենց տեղեկացրել են, որ սկսել են փող բաժանել։
«Մենք չգիտենք, թե այդ որ ուժերն են եղել, մենք քննիչներ չենք և այդ գործով զբաղվելու լիազորություններ չունենք։ Դիմում ենք ոստիկանությանը, որ իրենց լիազորությունների շրջանակներում ուշադիր լինեն և կանխեն նման գործընթացները»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։
Նրա բնորոշմամբ, այն մարդիկ, որոնք նախընտրական շրջանում համարձակվում են փող բաժանել, «անասուն» են։
«Սասնա ծռերը» որևէ մեկին թույլ չեն տա նսեմացնել հայ ժողովրդին։ Պատկերացնո՞ւմ եք, հեղափոխություն եղավ, դրական լուրջ տեղաշարժ, խնդիրներ էլ կան, բայց այս ամենով փորձեն նսեմացնել մեր քաղաքացուն և ինչ-որ գումար տալ՝ հանցագործություն է»»,- շեշտեց Ստեփան Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այս նախընտրական քարոզարշավում ունենալով գաղափարախոսություն՝ «Սասնա ծռերն» արդեն հասել են լուրջ հաջողությունների, քանի որ գլխավոր քննարկումներն ու հարցերն ուղղված են հենց իրենց կուսակցությանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան