
ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի ղեկավարները նոր առևտրական համաձայնագիր ստորագրեցին NAFTA-ի փոխարեն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն նոյեմբերի 30-ին G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են նոր առեւտրական համաձայնագիր՝ USMCA-ն, որը փոխարինում է գործողությունը դադարեցրած NAFTA համաձայնագրին։
1994 թվականից գործող NAFTA համաձայնագիրը կլուծարվի: USMCA նոր համաձայնագիրն առաջին անգամ կներառի ֆինանսական ծառայությունների, թվային տնտեսության ոլորտը: Ավելի վաղ Թրամփը USMCA-ն համարել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաարդիական եւ հաշվեկշռված առեւտրական գործարքը:
Մեքսիկայի եւ Կանադայի հետ բանակցությունների ընթացքում Թրամփն սպառնում էր հրաժարվել NAFTA-ից կամ այն փոխարինել երկկողմ համաձայնագրերով, եթե Մեքսիկան ու Կանադան զիջումների չգնան արտաքին առեւտրի ոլորտում: Կանադան եռակողմ գործարքին համաձայնեց միանալ վերջին պահին: ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի առեւտրի մասշտաբները գերազանցում են տարեկան 1 տրլն դոլարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: