«Ժամանակակից աշխարհում անվատանգությունը միայն սահմանին կանգնած զինվորականը չէ». Արթուր Վանեցյան
Դիլիջանում մեկնարկել է 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը՝ «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո:
Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում Ազգային անվտանգության ծառայության՝ ի դեմս ծառայության պետ Արթուր Վանեցյանի, և ԱՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի միջև ստորագրվել է «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր:
Կողմերը կներդնեն իրենց փորձառությունը ՀՀ կիբեր անվտանգության ոլորտում խնդիրների բացահայտման ու լուծումներ մշակելու, պատերազմական դրության ժամանակ անխափան համագործակցելու և ազգային անվտանգություն ապահովելու նպատակով:
Արթուր Վանեցյանը ողջունելով ներկաներին՝ նշել է, թե ինչպիսին պետք է լինի համագործակցությունը, և ինչո՞ւ է այն կարևոր Հայաստանի անվտանգության համար:
«21-րդ դարում ՏՏ համայնքի հետ չշփվելն ու չհամագործակցելն անթույլատրելի է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը: Շատ կարևոր եմ համարում նշել, որ ժամանակակից աշխարհում անվատանգությունը միայն սահմանին կանգնած զինվորականը չէ, այն ավելի լայն հասկացություն է, և մենք պետք է կարողանանք ներգրավել և ճիշտ ուղիով գնալ՝ մեր անվտանգության ապահովման հարցում:
ԱԱԾ-ն ոչ միայն ուժային, այլ նաև ինտելեկտուալ մաս պարունակող կառույց է: Խոսվեց, օրինակ, data-ների մասին, որոնք ԱԱԾ-ում չեն գործում: Սակայն մեր աշխատանքը հիմնականում կապված է վերլուծությունների հետ: Հետևաբար, մենք պետք է օգտագործենք մեծ վերլուծությունների համար նախատեսված գործիք՝ big data analysis: Այդ առումով շատ կարևորում եմ համագործակցությունը ՏՏ համայնքի հետ»,- ասաց նա:
Ա. Վանեցյանը նշեց, որ երկրորդ ուղղությունը կիբերանվտանգությունն է: Նա տեղեկացրեց, որ ԱԱԾ-ում մեկ ամիս առաջ ստեղծվել է նոր ստորաբաժանում, որը պատասխանատու է լինելու կիբերանվտանգության ապահովման համար: «Բայց, ցավոք սրտի, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, հիմնականում աշխատավարձի հետ կապված, մենք չեն կարող ներգրավել բավականաչափ մասնագետներ, որոնք անհրաժեշտ են այդ աշխատանքը կատարելու համար: Մեր աշխատակիցների թիվը շատ քիչ է, և նրանք աշխատում են զուտ հայրենասիրության հիմքով: Ես համոզված եմ, որ ճիշտ համագործակցության դեպքում կարող ենք օգտագործել ՏՏ համայնքի ներուժը:
Այս համատեքստում պետք է ստեղծվի համագործակցության հարթակ: Մեր ծառայությունից կլինեն ներկայացուցիչներ, որոնք ուղիղ կապ կապահովեն ԱԱԾ աշխատակիցների և ՏՏ համայնքի հետ: Շատ կարևորում եմ նաև, որ կառավարությունը, մասնավորապես՝ պարոն Արշակյանը, շատ մեծ տեղ է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը: Ամփոփելով, ցանկանում եմ նշել այն քայլերը, որոնք պետք է անենք:
Առաջինը, ստեղծում ենք համագործակցության հարթակ՝ ձեզ հարմար ձևաչափով, առաջարկներ եք անում մեզ ձեր լուծումների մասին: Ինչպես նշեցի, կնշանակվի մեկ կամ երկու ներկայացուցիչ ԱԱԾ-ից՝ ձեզ համար իներֆեյսն ապահովելու համար: Հետաքրքիր առաջարկներ ստանալու դեպքում, պատրաստ եմ անձամբ հանդիպել յուրաքանչյուրի հետ և քննարկել առաջարկները: Այս ուղղությամբ մենք աշխատելու ենք օրը 24 ժամ և շաբաթը 7 օր»,- նշել է ԱրթուրՎանեցյանը:
Սիրարփի Աղաբաբյան