«Լիովին կիսում եմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կարծիքը». Վիկտոր Սողոմոնյանը՝ դատարանների վրա ճնշում լինելու մասին

«Ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, բոլորս պետք է ակտիվորեն սատարենք, և սա այդ նախաձեռնություններից մեկն է։ Մենք չենք կարող ասել, որ աշխարհում իրավիճակն ավելի դյուրին է դարձել։ Չենք կարող ասել, որ մեր տարածաշրջանն ավելի հանգիստ է, քան 1-2 տարի առաջ։ Այնպես որ՝ նախաձեռնությունը ճիշտ ժամանակին է, և հուսով եմ, որ այն ակտիվ կլինի»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Լազարևյան ակումբի» կազմակերպած «Հայաստան և Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ. Պաշտպանություն և անվտանգություն» խորագրով առաջին լիագումար նիստին՝ ասաց ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը: Նա նաև հավելեց, որ օրվա ընթացքում պարզ կլինի՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է նիստին և արդյո՞ք ելույթ ունենալու է։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի որդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը՝ Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ երեկ երեկոյան դրան անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, և ինքն ավելացնելու ոչինչ չունի։

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի այն հայտարարության մասին, թե դատարանների վրա հստակ ճնշում կա, նրա գրասենյակի ղեկավարն ասաց, որ լիովին կիսում է իրենց փաստաբանների կարծիքը, և իրենք շատ կոմպետենտ կերպով արտահայտում են իրավիճակը։

Տեսանյութեր

Լրահոս