«Պարզ է, որ Հայաստանում տեղի ունեցածը շտկումներ մտցրեց ոչ միայն ներքին, այլև արտաքին օրակարգի մեջ». Կ. Զատուլին

«Իրավիճակը ոչ ստանդարտ է, քանի որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ նման բան նախատեսված չէր: Նոր կանոններ կգրվեն՝ հաշվի առնելով այս նախադեպը»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված զարգացումներին՝  ասաց ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Խոսելով հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների մասին՝ Կ. Զատուլինն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ներկայիս հարաբերությունները դաշնակցային են, և, որքան իրեն հայտնի է, ներկա դրությամբ ոչ ոք այդ հարաբերությունների բնույթը կասկածի տակ չի դնում։

«Դուք, անշուշտ, գիտեք, որ մեր երկրների ղեկավարները պարբերաբար հանդիպում են և տեսակետներ փոխանակում։ Պարզ է, որ Հայաստանում տեղի ունեցածը, այն, ինչ Հայաստանում ընդունված է անվանել հեղափոխություն, իր շտկումները մտցրեց ոչ միայն ներքին, այլև արտաքին օրակարգի մեջ։ Կխնդրեի, որ մեր հարաբերությունների համատեքստում ուշադրություն դարձնեք այսօրվա նիստի խորագրին՝ պաշտպանություն և անվտանգություն, քանզի, բացի այլ ոլորտներից, այսօր Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց հետ կապված են Կովկասում պաշտպանության և անվտանգության տեսանկյունից»,- շեշտեց ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան։

Նա նշել է նաև, որ նիստի ընթացքում որևէ անդրադարձ չի կատարվելու երկրի ներքաղաքական իրավիճակին, քանի որ չի ցանկանում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իրենք միջամտում են Հայաստանի ներքին կյանքին, և  հատուկ շեշտել է, որ իրենց նիստին հրավիրել են ՀՀ ողջ քաղաքական վերնախավին, ինչպես նաև՝ Հայաստանի ու Արցախի բոլոր նախկին նախագահներին։

«Ես կարծում եմ, որ այժմ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում որոշակի դադար է մտցված, և չգիտեմ, թե որքանով է դա արդարացված, բայց հավանաբար բարձր մակարդակի քաղաքական գործիչները հասկանում են, որ դա կապված է արտահերթ ընտրությունների հետ, և Ղարաբաղյան կարգավորման հարցը սպասում է իր հերթին։ Բայց մենք այս խնդիրը ներառելով մեր լիագումար նիստի օրակարգում՝ ցույց ենք տալիս, որ խնդրի լուծումը ոչ մի կերպ չի կարելի հետաձգել»,- խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկայիս փուլի մասին՝ ասել է Կ. Զատուլինը։

Անդրադառնալով այն լուրերին, թե Ռուսաստանը պատրաստվում է ԵԱՏՄ անդամ-երկրներին առաջարկել պատժամիջոցներ կիրառել Եվրամիության երկրների դեմ, Կ. Զատուլինը նկատեց, որ այդ մասին կարելի կլինի խոսել, երբ առարկայական առաջարկ կհնչի, ու դա կքննարկվի, բայց անձամբ իր խորին համոզմունքն այն է, որ ցանկացած միություն իրականում միություն է դառնում, երբ դրա անդամ մի երկրի հարցը դառնում է մյուսների մտահոգության առարկան, ու դրան արձագանքում են միակամ։

Տեսանյութեր

Լրահոս