Պետք է ստեղծել արդար և խաղաղ միջավայր ԼՂ խնդրին լուծում տալու համար. ՀՀ նախագահը պատասխանել է ադրբեջանցի ուսանողի հարցին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանում դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցի մասնակցի հարցին: Նախագահ Սարգսյանն ասել է. «Մարդկության տեսանկյունից ողբերգություն է այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: Չեմ ցանկանում հետ գնալ դեպի պատմություն:

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, գուցե կարող է ստեղծել մի միջավայր, որում խնդիրը կարող է հանգուցալուծվել: Հայաստանն ունի նոր կառավարություն և նոր սահմանադրություն: Ես պետության գլուխն եմ, սակայն կառավարության ղեկավարը չեմ: Հիմա Հայաստանը նման է Գերմանիային: Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը պետք է բանակցի Իլհամ Ալիևի հետ: Իմ դերակատարումը կարող է լինել խորհուրդներ տալը:

Ուզում եմ մի կարևոր բան շեշտել. մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար և խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար: Արդյոք դա հեշտ է տրվելու՝ ոչ: Սակայն մենք պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր և մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ։

Ուստի ժամանակն է լուծել խնդիրը»։

Տեսանյութեր

Լրահոս