«Գգյուղատնտեսության բոլոր նախարարները և այս վերջինը գյուղի հետ որևէ կապ չունեն, ասֆալտի վրա մեծացած երեխաներ են»

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելեց նաև Ուջան համայնք։

Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ որպես կուսակցություն՝ մտնում են ընտրապայքարի մեջ, մինչ այդ չեն մասնակցել որևէ ընտրության, քանի որ դրանք ունեցել են կանխորոշված արդյունք։

Նա համոզմունք հայտնեց, որ այս խորհրդարանը լինելու է անցումային խորհրդարան, որի հիման վրա ներկայացրել են հինգ հիմնական կետերից բաղկացած ծրագիր։
Կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Պետրոս Մակեյանն էլ վստահեցրեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում ժողովուրդը դուրս է եկել «դժոխքից»։

«Գյուղացիներն էլ դուրս են եկել կրկնակի դժոխքից, հայ ժողովուրդը վատ էր ապրում, ինչի համար գյուղերը դատարկվում են, ժողովուրդն արտագաղթում է։ Կարծում եմ՝ գյուղացին պետք է ամուր կապված լինի իր հողի հետ, բայց մեր սակավահող Հայաստանի հողերի կեսը չի մշակվում։ Մենք չենք ասում, որ գյուղացին լոդր է ու չի աշխատում, այստեղ նա միշտ հաշվարկ է անում օգուտների և վնասների մասով»,- նշեց Պետրոս Մակեյանը և ընդգծեց, որ հեղափոխությունից հետո գյուղատնտեսությունը հայտարարվել է գերակա ճյուղ, ուստի այնտեղ անելիքները շատ են։

«Սուբսիդավորումը պետք է հասցեական գնա գյուղացու մոտ, չլինի միջնորդավորված, հակակարկտային կայանները պետք է համակարգված էլեկտրոնային տարբերակով բոլորը քարտեզագրվեն։ Գյուղտեխնիկան խորհրդային տարիների տեխնիկա  է, դրանք նորացնելու համար պետք է լինի գյուղտեխնիկայի վարկեր։ Այս ամենով հանդերձ՝ գյուղատնտեսության ոլորտը պետք է ղեկավարի  բանիմաց մարդ, ցավոք, գյուղատնտեսության բոլոր նախարարները և այս վերջինը գյուղի հետ որևէ կապ չունեն, ասֆալտի վրա մեծացած երեխաներ են, նրանք չեն կարող զգալ գյուղի հոգսը»,- շեշտեց Պետրոս Մակեյանը։

Նա նաև ընդգծեց, որ խորհրդարանում «Սասնա ծռերը» պետք է ունենա ծանրակշիռ տեղ, որպեսզի ապահովի երկրի բնականոն զարգացումը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս