Իտալիայում նշվել է լիբանանցի հայամետ լրագրող Թալալ Խրայիսի աշխատանքային գործունեության 30-ամյակը
Իտալիայում Հայաստանի և Լիբանանի դեսպանները մասնակցել են լիբանանցի լրագրող Թալալ Խրայիսի լրագրողական 30-ամյա գործունեությանը նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև մի քանի տասնյակ տեղացի և օտարերկրյա լրագրողներ:
Գործունեության երեք տասնյակ տարիների ընթացքում Խրայիսը Հռոմից մշտապես լուսաբանել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները՝ փորձագիտական կարծիք ձևավորելով Իտալիայի ու մերձավորարևելյան տարածաշրջանի հարաբերությունների վերաբերյալ:
Որպես պատերազմական լրագրող, բազմիցս վտանգելով կյանքը Սիրիայում և այլ հակամարտությունների տարածաշրջաններում, լիբանանցի լրագրողը մշտապես աջակցել և խորհրդատվություն է տրամադրել այդ գոտիներում աշխատող իտալացի շատ լրագրողների:
Իր գործունեության ընթացքում Թալալ Խրայիսը բազմիցս լուսաբանել է նաև Սիրիայի և Լիբանանի հայ համայնքներին առնչվող հարցեր, բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին:
Ներկաները բարձր են գնահատել Խրայիսի կատարած աշխատանքն ու բաժակ բարձրացրել նրա հետագա գործունեության շարունակականության համար: