ԵՄ-ից Մեծ Բրիտանիա աշխատանքային միգրացիան կրճատվել է մինչև 2012 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշ
Եվրամիության այն քաղաքացիների թիվը, որոնք ժամանում են Մեծ Բրիտանիա, այդ թվում՝ աշխատելու կամ սովորելու համար, 2018 թվականի առաջին կեսին կրճատվել է մինչեւ 2012 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշ, ինչը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ուղղակի արդյունքն է։
Ինչպես նոյեմբերի 29-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական վարչությունը (ONS), ԵՄ-ի այլ երկրներից քաղաքացիների ներհոսը հունվար-հունիս ամիսներին կազմել է 74 հազար մարդ:
2016 թվականի հունիսին Brexit-ի շուրջ հանրաքվեից ի վեր այդ ցուցանիշն ընկել է 115 հազարով: Հատկապես կտրուկ է նվազում աշխարհամասի առավել զարգացած երկրների քաղաքացիների թվաքանակը, ներառյալ Ֆրանսիան ու Գերմանիան, որոնք սովորաբար Մեծ Բրիտանիա են մեկնում, արդեն իմանալով, թե որտեղ են աշխատելու: Դրա հետ մեկտեղ Մեծ Բրիտանիա միգրանտների զուտ ներհոսը այն երկրներից, որոնք չեն մտնում ԵՄ-ի կազմի մեջ, հասել է 2004 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշի՝ 248 հազարի:
«2018 թվականին ընկերությունների 92 տոկոսը հայտարարում է, որ Brexit-ն իրենց խանգարում է անձնակազմ վարձել եւ ուսուցանել: Այսինքն՝ հիվանդանոցների, դպրոցների եւ շինարարական ընկերութունների համար արդեն դժվար է անհրաժեշտ աշխատակիցներ գտնել: Մեծանում է որակավորման բոլոր մակարդակների աշխատողների դեֆիցիտը»,-հայտարարել է Մեթյու Ֆելը՝ Բրիտանական արդյունաբերության համադաշնությունից (CBI), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: