Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում արտասահմանյան առաջին այցը կկատարի Եվրոպայի երկրներ
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի կարգավիճակում արտասահմանյան առաջին այցը կկատարի Եվրոպայի երկրներ։
«Նախագահի կարգավիճակում իմ առաջին արտասահմանյան այցը կլինի Եվրոպա, մասնավորապես, Բրյուսել, Բեռլին, Փարիզ եւ Բալթյան երկրներ, մասնավորապես, Լիտվա, երկիր, որի կին նախագահն առաջինն ինձ շնորհավորեց նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ»,- նոյեմբերի 29-ին Թբիլիսիում ասել է Զուրաբիշվիլին լրագրողներին:
Ինչպես հայտնել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքներով, որոնք տրվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 59,52 տոկոսը:
Զուրաբիշվիլիի մրցակից Գրիգոլ Վաշաձեն, որը ներկայացնում է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը, հավաքել է ձայների 40,48 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունը կազմել է 56,23 տոկոս: Ինչպես գրում են վրացական ԶԼՄ-ները, ընտրված նախագահի երդմնատվության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:
Ֆրանսիայում ծնված նախկին դիվանագետ Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, հանդես է գալիս Մոսկվայի եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում հաշվեկշռված մոտեցման օգտին:
«Մեր ընտրությունը խաղաղ ու ազատ Վրաստանն է: Ես ցանկանում եմ երկխոսություն վարել նրանց հետ, ովքեր չքվեարկեցին իմ օգտին: Մենք բոլորս մեկ փոքր երկրի քաղաքացիներն ենք, մենք ապրում ենք մեկ պետության մեջ, մենք պետք է այն միավորենք ու հանդարտեցնենք»,-հայտարարել է Զուրաբիշվիլին՝ մեկնաբանելով ընտրությունների արդյունքները:
Ավելի վաղ 66-ամյա Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել ընտրողներին աջակցության համար: «Շատ նորհակալ եմ իմ նկատմամբ ցուցաբերված վստահության համար, ես լինելու եմ Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը, թե նրանց, ովքեր աջակցեցին ինձ, թե նրանց, ովքեր չքվեարկեցին իմ օգտին»,- ասել Է նա լրագրողներին Թբիլիսիում, նշելով, որ իր կարեւորագույն խնդիրն է համարում «հասարակության համախմբումը, երկրում հանգստության ու կայունության հաստատումը»: