Բռնության դեմ բողոքող իսրայելացի կանայք ընդհանուր գործադուլի կոչ են արել
Կանանց շարժման ակտիվիստուհիները որոշել են կանանց ընդհանուր գործադուլ անկացնել ի նշան բողոքի Իսրայելում կանանց նկատմամբ տագնապալիորեն աճած բռնության դեմ։
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 2018 թվականին 20 տոկոսով ավելի կին է սպանվել, քան ամբողջ անցյալ տարվա ընթացքում, նրանք Իսրայելի կին բնակչությանը կոչ են արել դեկտեմբերի 4-ին դուրս չգալ աշխատանքի, գրում է Ynet հրատարակությունը:
Վերջին կաթիլն են դարձել 16 եւ 13 տարեկան աղջիկների մահվան մասին ողբերգական լուրերը, որոնք նախօրյակին բառացիորեն ցնցել են երկիրը: Ընդ որում նրանց ընտանիքներում բռնության եւ անարգանքների մասին հայտնի է եղել ոստիկանությանը, պնդում է Ynet-ը:
Բողոքի նախաձեռնողներից մեկի՝ Ստավ Առնոնի խոսքով՝ անցյալ տարի կառավարությունը 250 միլիոն շեկել (70 միլիոն դոլար) է հատկացրել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու նպատակով, բայց դրա համար պատասխանատու կառույցներն ստացել են այդ գումարի ընդամենը 10 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: