«Դուք լավ գիտեք, թե այս քարոզարշավի ընթացքում ինչու է նյարդային Նիկոլ Փաշինյանը, ինչու արձակուրդ վերցրեց ու քարոզարշավը չվստահեց իր թիմին». Արմեն Աշոտյան

«Հայաստանին պարտադրվել է սև-սպիտակ իրականությունը։ Այսօրվա վարչակազմը Հայաստանի պատմությունը բաժանել է սև անցյալի ու սպիտակ ապագայի, բայց իրականության մեջ ամեն ինչ շատ ավելի բազմաշերտ է։ Այո, մենք շատ հաջողակ ընտրարշավ ենք անում. Վարչապետը կարծես մեր քարոզչական թիմի արտահաստիքային անդամն է, ամբողջ օրը զբաղված է մեր ուղերձները տարածելով, անգամ մեր պաստառների մասին է խոսում։ Պատկերացնու՞մ եք Հայաստանում քաղաքական դիսկուրսի դեգրադացման աստիճանը, որ երկրի վարչապետը խոսում է ընդդիմադիր կուսակցության պաստառների գույնի մասին։ Ծրագրային ելույթ ու քննարկում չկա։ Քաղաքական միտքն այնքան է արժեզրկվել, որ օրակարգային թեմա է դառնում ՀՀԿ-ի պաստառը»,- այսօր Arm Daily-ի եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը։

Պատասխանելով այն դիտարկմանը, թե իրենց կարգախոսների բովանդակային մասը չկատարելու արդյունքում է այսօր ՀՀԿ-ն իշխանական ուժից վերածվել ընդդիմադիրի, Արմեն Աշոտյանը նկատեց, որ իրենք չեն ասում, որ սխալներ չեն գործել, և իրենց ամենամեծ սխալը ժողովրդից կտրվելն է եղել, երբ կորցրին այդ կապն ու մի պահ դարձան «զավոդի դիրեկտոր»։

Ըստ Ա. Աշոտյանի՝ ՀՀԿ-ն իր կառավարման շրջանում բազմաթիվ հաջողություններ է գրանցել՝ սկսած տնտեսականից, վերջացրած՝ կրթական և արտաքին քաղաքական ոլորտներով։

«Պարզապես շատերս դարձել էինք տեխնոկրատ չինովնիկներ, որոնք հետաքրքրված էին թվերով, դիագրամներով ու ռեֆորմներով, ու հաճախ մոռանում էինք մարդուն, ում համար դա արվում էր, ու առաջացավ անվստահության անդունդ։ Բայց եկավ Նիկոլ Փաշինյանն ու տվեց անիրատեսական խոստումներ, ու թեև բոլորս էինք հասկանում, որ դրանք անիրականանալի են, մարդիկ հավատացին, որովհետև մեզանից հոգնել էին»,-հավելեց նա։

Ա. Աշոտյանը նկատեց նաև, որ երբ Փաշինյանը գալիս էր իշխանության, խոստանում էր բոլոր բարդ հարցերին հեշտ պատասխաններ տալ, և ժողովուրդն արդարացիորեն հավատաց բոլոր պրիմիտիվ հեքիաթներին՝ շատ կարճ ժամանակում բյուջեն 800 մլն-ից մինչև 1 միլիարդ դարձնել, շատ կարճ ժամանակում աշխատավարձներ ու թոշակներ բարձրացնել և այլն։ Սակայն 2019թ. բյուջեի մեջ նման բան նախատեսված չէ։

«Մենք գիտենք, որ դա անել 7 ամսում հնարավոր չէր, բա ինչի՞ էր խաբում մարդկանց։ Խաբում էր, որ իշխանության գա՞ր, ոսկե սարեր էր խոստանում, որ ժողովուրդը ձեռքերի վրա բերի Հրապարակ, այնտեղից էլ՝ Բաղրամյան փողոց՝ վարչապետ դարձնելու՞։ Նա շահագործեց, օգտագործեց, չարաշահեց մարդկանց վստահությունը»,-հավելեց ՀՀԿ-ական գործիչը։

Անդրադառնալով այն նկատառմանը, թե ԱԺ ընտրություններից հետո, ըստ վարչապետի, կլինեն ներդրումներ, Ա. Աշոտյանն ասաց, որ դա ծիծաղելի է, և ոչ մի քաղաքական անկայունության մասին խոսք լինել չի կարող, որովհետև քաղաքական անկայութնություն ստեղծում է վարչապետը, երբ մի օրում փչացնում է հարաբերությունները թե Բրյուսելի, թե Մոսկվայի հետ, երբ արտասահմանյան ներդրողների վրա իր լուռ կամ ուղիղ ցուցումով գործեր են հարուցվում։

«Դուք լավ գիտեք, թե այս քարոզարշավի ընթացքում ինչու՞ է նյարդային Նիկոլ Փաշինյանը, ինչու՞ արձակուրդ վերցրեց ու քարոզարշավը չվստահեց իր թիմին։ Որովհետև թիմ չունի. Ինքը լավ գիտի, որ եթե այս 2 շաբաթը մնար վարչապետ, քարոզարշավ չէր լինի»,-նկատեց ՀՀԿ փոխնախագահը՝ ավելացնելով, որ վարչապետը նյարդային է, որովհետև զգում է, որ իր 80 տոկոսանոց վարկանիշը հատկապես այս ընտրարշավի ընթացքում սրընթաց գահավիժում է։

Տեսանյութեր

Լրահոս