Թալինում «Սասան ծռերին» խորհուրդ տվեցին երկրի համար ստեղծել նյութատեխնիկական բազա և մնալ ժողովրդի սրտում, ինչպես մնացել են Մարքսը և Լենինը
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի չորրորդ օրն այցելել են Արագածոտնի մարզ։
Կուսակցության անդամները Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ նախ այցելեցին Պռոշյան գյուղ, որտեղ ծաղիկներ դրեցին Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի՝ Պետոյի շիրմին։
Արդեն Թալինում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն ասաց, որ միասին դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, և առաջիկա ընտրությունները, որոնք հնարավորություն ունեն քիչ թե շատ արտացոլելու ժողովրդի կամքը՝ պետք է շատ արդյունավետ օգտագործվի։
«Պետք է նկատի ունենանք, որ անցյալից դեռևս մնացուկներ կան, բոլորիս համատեղ ջանքերով չպետք է թույլ տանք, որ նրանք անցնեն խորհրդարան։ Բոլոր այն ուժերը, որոնք մասնակցել են մեր ժողովրդին կեղեքելուն, այդ ուժերն իրավունք չունեն լինելու խորհրդարանում։ Մենք չենք եկել մրցակցելու հեղափոխության մյուս մասնակից ուժերի, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքի հետ։ Մեր նպատակն է, որ հեղափոխության ուժերը ձեռք ձեռքի տված անցնեն խորհրդարան և շարունակեն պետության շինարարությունը»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։
Նա հայտարարեց, որ «Սասնա ծռերն» իրենց առաքելությունը մի կողմից՝ համարում են հեղափոխությանն աջակցելը, մյուս կողմից՝ հներին թույլ չտալ, որ սողոսկեն խորհրդարան։
Նա նաև նշեց, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ իշխանական կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերն իրավունք չունեն հանդես գալ հայ ազգի անունից։
«Հանրապետական, ՕԵԿ, ԲՀԿ և ՀՅԴ հայաստանյան ղեկավարությունը պետք է հայտնվեն հայաստանյան Նյուրնբերգի նստարանին, անցնեն այդ քավարանով և պատասխան տան իրենց գործած հանցանքների համար։ Իսկ մնացյալը մեր ժողովուրդն է, որի հետ պետք է շարունակենք մեր ընթացքը»,- ասաց Վ. Ավետիսյանը։
Անդրադառնալով կուսակցության նախընտրական ծրագրին, Վարուժան Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ «Սասնա ծռերի» պատկերացմամբ՝ նոր ձևավորվող խորհրդարանը պետք է աշխատի 1-1,5 տարի՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնցում ձևավորվում է այս խորհրդարանը։
«Մենք ունենք Սահմանադրության խնդիր, չենք կարող Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությամբ պետություն կառուցել, քանի որ այն բռնապետության և կրիմինալի Սահմանադրություն է։ Մեզ համար կարևոր է արդարության հաստատումը՝ անցումային արդարադատության անցկացման միջոցով»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։
Հանդիպման ավարտին բնակիչներից մեկը դիմելով «Սասնա ծռերին»՝ նշեց, որ, եթե նրանք ցանկանում են մնալ ժողովրդի սրտում, ինչպես մնացել են Մարքսը և Լենինը, ապա երկրի համար պետք է ստեղծեն նյութատեխնիկական բազա, որով երկիրը կարողանա առաջ գնալ:
«Եղբայր, եթե գրպանդ փող չլինի, կկարողանա՞ս հարսանիք անել։ Եկաք իշխանության, մի բան փոխեցիք՝ փոխեցիք, չէ,ամեն ինչ էսպես էլ կմնա, թե չէ գնում, նստում են իրենց աթոռներին ու 700-800 հազար դրամ աշխատավարձ են ստանում»,- ասաց թալինցին։
Զվարթ Խաչատրյան