Ռուսաստանը 550 տոննա թուրքական մանդարինը սահմանից հետ է ուղարկել

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը` «Ռոսսելխոզնադզոր»-ը, սահմանից հետ է ուղարկել Թուրքիայից ներկրվող 550 տոննա մանդարինը:

«Ռոսսելխոզնադզոր»-ի Կրասնոդարի և Ադիգեյի դաշնային վարչության հայտարարության մեջ ասվում է, որ Նովորոսիյսկի, Գելենջիկի և Տուապսեի նավահանգիստներ հասած մանդարինի խմբաքանակի մեջ միջերկրածովյան վնասատու միջատ է հայտնաբերվել:

Ռուսական գերատեսչությունից մանրամասնել են, որ վնասատուն կարող է հարմարվել Ռուսաստանի հարավի կլիմային ու տարածվելով վնաս հասցնել տեղի այգիներին:

Համաձայն Թուրքիայի «Արևելասևծովյան շրջանի արտահանողների միության» տվյալների՝ 2018-ի առաջին 5 ամսում Թուրքիայից Ռուսաստան է արտահանվել 381.057 տոննա պտուղ-բանջարեղեն, այդ թվում՝ 75.646 տոննա մանդարին:

Նշվում է, որ ընթացիկ տարում Թուրքիայից ամենաշատ արտահանվող միրգը մանդարինն է: Մանդարինի արտահանումից Թուրքիան ստացել է 42 մլն դոլարի եկամուտ:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս