«Ինձ համար բավականին տհաճ էր և անսպասելի, որ իշխանության եկած նոր քաղաքական ուժը ծրագրում չունի այդ փոփոխությունները». Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Հայաստանի հիմնական խնդիրն այս տարիների ընթացքում այն էր, որ իշխանության տարանջատում չի եղել։

«Մենք ունեցել ենք միապետական համակարգ, որը բնորոշ է միջնադարյան եվրոպական երկրներին։ Նախկին Սահմանադրության մի դրույթում գրված էր՝ ՀՀ նախագահը կարգավորում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն աշխատանքը, և սա ոչ միայն հռչակագրային էր, այլ նույն Սահմանադրության ամբողջ տրամաբանությունը դրանից էր գալիս»,- այսօր «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն. քաղաքացիական հասարակության դիրքորոշումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց նա։

Ավետիք Իշխանյանն ասաց, որ իրականում, բացի Ֆրանսիայից, որտեղ նույնպես խնդիր կա դատական համակարգի հետ կապված, իշխանության տարանջատում հնարավոր է միայն պառլամենտական համակարգում.

«Բայց ընդունված Սահմանադրությունը որևէ աղերս չուներ պառլամենտարիզմի հետ, և նախագահի լիազորությունները փոխանցվեցին վարչապետին։ Սերժ Սարգսյանը չուզեց՝ որևէ ձևով իշխանության տարանջատում լինի, և ամեն ինչ նախատեսեց իր համար։ Հեղափոխությունից առաջ մեծ քննարկում եղավ, այս ամենի մասին խոսեցինք, հեղափոխության արդյունքում այս լիազորությունները փոխանցվեցին նոր վարչապետին։ Այստեղ կարևոր խնդիր կա. կարևորը պետական ինստիտուտների աշխատանքն է։ Պետությունն ունի իր հստակ մարմինները, որոնք քաղաքական ուժի ազդեցությունից զերծ պետք է լինեն։ Դրանք հատկապես ուժային կառույցներն են և դատաիրավական համակարգը։ Բարի թագավոր չի լինում, կարևորը պետական ինստիտուտների աշխատանքներն են, իշխանության տարանջատումը։ Եվ հիմա ինձ համար բավականին տհաճ էր և անսպասելի, որ իշխանության եկած նոր քաղաքական ուժը ծրագրում չունի այն փոփոխությունները, որոնց մասին ասում եմ»։

Կարդացեք նաև

Իրավապաշտպանն անհանգստանում է, որ Հայաստանը կընկնի նույն շրջապտույտի մեջ, որի մեջ ընկել է 1995թ. սկսած. «Փաստորեն, այդ կասկածն արդեն կա, որ նոր իշխանության նպատակն իշխանության ամրապնդումն է, երբ հեղափոխության առաջնորդը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, շատ սուր քննադատում էր այդ սուպերվարչապետությունը»։

Տեսանյութեր

Լրահոս