Ջոն Քերին խոստացել է մտածել ԱՄՆ-ում 2020-ի նախագահական մրցարշավին մասնակցելու մասին
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին խոստացել է մտածել 2020 թվականին երկրում նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու շուրջ: Ինչպես նոյեմբերի 28-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը, Քերին այդ մասին հայտարարել է Հարվարդի համալսարանում (Մասաչուսեթսի նահանգ) կայացած միջոցառման ժամանակ։
«Ես ասում եմ, որ դա չեմ բացառելու, ես ոչ մի բանից վերջնականապես չեմ հրաժարվում»,-ասել է Պատդեպարտամենտի նախկին ղեկավարը: «Ես ձեռքերս ծալած չեմ նստում: Բայց ես հանգուցային նահանգներում չեմ եղել, դրանցում ապագայի հիմքեր չեմ դրել եւ ընդհանուր առմամբ ոչինչ չեմ արել: Կմտածե՞մ արդյոք այդ մասին (ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու): Այո, ես պատրաստվում եմ խորհրդածել դրա շուրջ, ես դա ասում եմ ուղղակիորեն»,- հավելել է Քերին: Նա սեպտեմբերին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ խիստ կասկածում Է 2020 թվականի նախագահական մրցավազքին իր մասնակցության հնարավորության հարցում:
2004 թվականի նոյեմբերին Քերին նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից: Նա հավաքեց 59,03 մլն ձայն (ընտրազանգվածի ձայների 48 տոկոսը) եւ զիջեց Ջորջ Բուշին, որն ստացավ 62,04 մլն ձայն (ընտրազանգվածի ձայների 51 տոկոսը): Ջոն Քերին 2013 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 20-ը եղել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: