
«Մեր անվտանգության շահերը չի կարելի անտեսել». Ջիմ Մեթիս

Սաուդյան Արաբիան կարեւոր դեր է խաղում ԱՄՆ-ի եւ Մերձավոր Արեւելքի անվտանգության ապահովման գործում, դա անհրաժեշտ է հաշվի առնել Ստամբուլում սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության համար թագավորության իշխանությունների պատասխանատվությունը որոշելիս: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը:
«Պետք է նշեմ, որ մեզ հազվադեպ է հաջողվում համագործակցել բացարձակ անբասիր գործընկերների հետ»,- ասել է Պենտագոնի ղեկավարն սպանության գործով ԱՄՆ-ի Սենատում կայացած ունկնդրումների ընթացքում: Մեթիսը հավելել է.
«Մեր անվտանգության շահերը չի կարելի անտեսել, նույնիսկ եթե մենք փնտրում ենք նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում Ջամալ Խաշկոջիի սպանության համար»,- ասված է սենատորների առջեւ նախարարի ելույթից արված մեջբերման մեջ, որը տարածել է Պենտագոնը:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները սպանության հետ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալմանի առնչության ուղղակի ապացույցներ չունեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: