Բաժիններ՝

Բուենոս Այրեսը պատրաստվում է դիմավորել G20-ի գագաթնաժողովի մասնակցիներին

Արգենտինայի մայրաքաղաքի իշխանությունները ձեռնամուխ են եղել արգելափակոցների տեղակայմանը, որոնցով, սկսած նոյեմբերի 29-ից մինչեւ Քսանի խմբի երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտվելը (դեկտեմբերի 1-ը), կփակվի Բուենոս Այրեսի զգալի մասը: Դեսպանատների մոտ հերթապահում են ոստիկանները։

Գագաթնաժողովի մասնակիցներից առաջինը Արգենտինա է ժամանալ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը: Գագաթնաժողովը, որը կբացվի նոյեմբերի 30-ին, ընթանալու է Costa Salguero ցուցահանդեսային կենտրոնում, որը գտնվում է Լա Պլատա ծոցի ափին՝ Բուենոս Այրեսի կենտրոնից որոշակի հեռավորությամբ: Աշխարհի ղեկավարների հանդիպման վայրը գտնվում է Խորխե Նյուբերիի անվան օդանավակայանի հարեւանությամբ, որը գագաթնաժողովի օրերին բաց է լինելու միայն պաշտոնական պատվիրակությունների ինքնաթիռների համար:

Costa Salguero-ին հարող ամբողջ գոտին ավտոմեքենաների ու հետիոտների համար փակ է լինելու նոյեմբերի 29-ի 21:00-ից (Երեւանի ժամանակով նոյեմբերի 30-ի 04:00-ից) մինչեւ դեկտեմբերի 1-ի 22:00-ն (Երեւանի ժամանակով դեկտեմբերի 2-ի 05:00-ն): Երթեւեկությունը սահմանափակվելու է նաեւ կենտրոնում, որտեղ գտնվում են այն հյուրանոցները, որոնցում ապրելու են պատվիրակությունների անդամները, եւ Կոլոն թատրոնը, որտեղ գալա-երեկույթ կանցկացվի գագաթնաժողովի մասնակիցների համար:

Սահմանափակումները կվերաբերեն նաեւ հանրային տրանսպորտին: Գագաթնաժողովի երկու օրվա ընթացքում քաղաքում չի աշխատելու մետրոն, ինչպես նաեւ փակ կլինեն երկաթուղային կայարաններն ու ավտոկայանները: Քաղաքային ավտոբուսների երթուղիները կփոխվեն: Առեւտրային չվերթների համար բաց կլինի Բուենոս Այրեսի երեք օդանավակայաններից միայն մեկը:

Արգենտինայի իշխանությունները քաղաքացիները կյանքը թեթեւացնելու համար նոյեմբերի 30-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր եւ Բուենոս Այրեսի բնակիչներին խորհուրդ են տվել՝ օգտվել երկար հանգստյան օրերից ու մեկնել քաղաքից դուրս: Բուենոս Այրեսի առեւտրի եւ արդյունաբերության դաշնության գնահատումների համաձայն, գագաթնաժողովը մայրաքաղաքի հյուրանոցային համալիրին կբերի 200 մլն պեսո (5,2 մլն դոլար): Բարձր մակարդակի հպանդիպման շնորհիվ ռեստորանները լրացուցիչ կվաստակեն 28 մլն պեսո (736 հազար դոլար):

Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը տեղական հեռուստատեսության եթերում ասել է, որ գագաթնաժողովի օրերին անվտանգության ապահովման գործում կներգրավվեն իրավապահ մարմինների շուրջ 22 հազար աշխատակիցներ: Իշխանությունների համար խնդիրների աղբյուրներից մեկը կարող են դառնալ բողոքի ակցիաները, որոնք տեղի կունենան գագաթնաժողովի օրերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս