Գողացված բանկային քարտերով գումար է կանխիկացրել. անձի ինքնությունը պարզելու համար ձեռնարկվում են միջոցներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտերով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
2018թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Արտաշատ քաղաքից Երևան քաղաքի Զ.Քանաքեռցու փողոց ուղևորվելու ընթացքում երթուղայիններից մեկում իր պայուսակից հափշտակել են իր դրամապանակը, որում եղել է՝ ՌԴ քաղաքացու իր անձնագիրը, կանխիկ գումար, բանկային քարտեր՝ իրենց գաղտնաբառերով: Նույն օրը՝ ժամը 13:20-ի սահմաններում, գողացված բանկային քարտերով կատարվել է գումարի կանխիկացման գործարք՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձին հայտնաբերելու և նրա մոտ այլ քաղաքացու բանկային քարտի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: