«Կրկնվում է նույն սխալը, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ»․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը, ինչպես արդեն տեղեկարցել ենք, երեկ ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով շարունակել ընտրապայքարը ԱԺ արտահերթ ընտրություններում:

Ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Ինձ թվում է՝ կրկնվում է նույն սխալը, ինչ լտպ-ի ժամանակ։ Այն ժամանակ էլ այդ մարդու շրջապատում գտնվող՝ ՀՅԴ ներքին դասավորումներին, ներքին քննարկումներին ծանոթ որոշ «գիտակներ» նրան ներշնչեցին, որ ՀՅԴ-ն իր ամբողջության մեջ պատրաստ կլինի ընդունել իր քաղաքական ուղեգիծը, իր վտանգավոր մոտեցումները տարբեր, այդ թվում ՀՅԴ համար ծրագրային նշանակություն ունեցող Արցախյան հարցում, և միակ արգելքը այդ ճանապարհին ՀՅԴ Բյուրոյի օրվա ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի «անհաշտ» դիրքորոշումն է։

Այդ մարդիկ նախկին դաշնակցականներ էին, սակայն որքան էլ փորձառու էին, չէին հասկանում, որ Բյուրոյի ներկայացուցիչը, ով էլ լինի, ինչ ճանապարհ էլ անցած լինի, ինչ հեղինակություն էլ ունենա, չի կարող չարտահայտել ՀՅԴ ընդհանրացած տեսակետը, չի կարող դուրս գալ կուսակցության ընդհանուր ուղեգծից, գաղափարական արմատներից և ծրագրային սկզբունքներից։

Նրանք, լինելով եսակենտրոն, անձակենտրոն պատկերացումների կրող, այդպես էլ չէին հասկացել Դաշնակցության էությունը, այդ պատճառով էլ հայտնվել էին կուսակցությունից դուրս։ Նրանց խորհրդին հետևելով լտպ-ն Հայաստանից արտաքսեց ընկ. Հրայր Մարուխյանին, հետագայում արգելեց կուսակցության գործունեությունը Հայաստանում։

Թվում էր այլևս չկա արգելք կուսակցությունը բերել իր համար ցանկալի քաղաքական ուղեգծի, ավելին, Ընդհանուր ժողովում փոխվեց կուսակցության ղեկավար կազմը՝ ինչպես հիմա կասեին, եկավ այլ «շերտ», սակայն կուսակցության ուղեգիծը չփոխվեց։
Հիմա էլ իրավիճակը կարծես կրկնվում է այլ դերակատարներով։

Նիկոլ Փաշինյանի շրջապատում հայտնվել են նախկին դաշնակցականներ, որոնք իրենց «նախկին» դառնալու մեղքը տեսնում են ոչ թե իրենց մեջ, իրենց արարքներում, այլ կուսակցության «ղեկավարների»՝ իմա՝ Հրանտ Մարգարյանի ու մարմինների այլ անդամների սուբյեկտիվ, կողմնակալ վերաբերմունքի, ՀՅԴ սկզբունքներից շեղվելու մեջ, իսկ կուսակցության շարքերը համարում եմ իրենց կողմնակից։

Եվ իրենց այս մոտեցումը իրենք հրամցնում են այսօրվա իշխանությանը և վարչապետին, նրան ասելով, որ ՀՅԴ ղեկավարությունն ու շարքերը տարբեր մտածողություն ունեն, հետևաբար՝ եթե հեռանա ղեկավարությունը, շարքերը ամբողջությամբ կլինեն իշխանության կողքին։

Ինչ կարող եմ ասել. պետք չի հավատալ «նախկինների» այս հեքիաթին, իրենք խնդիր ունեն կուսակցությունից իրենց հեռացումը բացատրել ուրիշների կողմնակալությամբ, իրենց ներկայացնել որպես «իրական» դաշնակցականներ։ Դրա ապացույցն է լտպ 94-97 փորձը, պետք չի կրկնել նույն սխալը, արդյունքը նույնն է լինելու։

Իսկ գաղտնիքը մեկն է. ՀՅԴ-ն ունի գաղափարական ու ծրագրային հենք, որին մենք բոլորս հավատում ենք, մենք հավատարմության երդում չենք տվել որևէ անձի, կապված չենք նրա հետ անձնական շահով։ Դրա մեջ է ՀՅԴ կենսունակության գաղտնիքը։ 128 տարվա մեջ փոխվում են ղեկավարները, բայց չի փոխվում ՀՅԴ-ն ու Դաշնակցականների հավատամքը»։

Ինձ թվում է կրկնվում է նույն սխալը, ինչ լտպ-ի ժամանակ։ Այն ժամանակ էլ այդ մարդու շրջապատում գտնվող՝ ՀՅԴ ներքին…

Gepostet von Bagrat Yesayan am Mittwoch, 28. November 2018

Տեսանյութեր

Լրահոս