Ովքեր են ամենաբարձր վարձատրվող երիտասարդ հայտնիները
Forbes հանդեսը կազմել է առավել բարձր վարձատրվող մինչեւ 30 տարեկան հայտնիների վարկանիշը. վաստակած գումարով առաջին տեղն զբաղեցրել է ամերիկացի մոդել Քայլի Ջենները, որի կարողությունը գնահատվում է 900 մլն դոլար։
Հանդեսի տեղեկատվությամբ, Ջենների՝ կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող Kylie Cosmetics ընկերության 21-ամյա սեփականատիրոջ, տարեկան եկամուտը կազմել է 166,5 մլն դոլար: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանն է, որի տարեկան եկամուտը գնահատված է 110 մլն դոլար:
Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի՝ «Պարի Սեն-Ժերմեն» ֆրանսիական ակումբի հարձակվողի, տարեկան եկամուտը տարվա ընթացքում կազմել է 90 մլն դոլար, ինչը մարզիկին թույլ է տվել վարկանիշում զբաղեցնել երրորդ տեղը: Վարկանիշի հնգյակում տեղ են գտել նաեւ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որի եկամուտները գնահատված են 80 մլն դոլար, եւ կանադացի երգիչ The Weeknd-ը (Էյբել Տեսֆայե), որի տարեկան վաստակը կազմել է 57 մլն դոլար:
Մինչեւ 30 տարեկան մյուս առավել բարձր վարձատրվող հայտնիներն են դարձել ամերիկացի բասկետբոլիստ Ջեյմս Հարդենը, Chainsmokers խմբի մենակատար Դրյու Թագարթը, մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը, ամերիկացի ֆուտբոլիստ Դերեք Քարը եւ ամերիկացի գոլֆիստ Ջորդան Սփիթը: Վարկանիշը Forbes հանդեսի կողմից կազմվել է 2017 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում հայտնիների եկամուտների տվյալների հիման վրա՝ նախքան հարկերի պահումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: