Մահացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը
78 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը:
Մարտին Շահբազյանը 1976-ից մինչև 2001թ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, ապա որպես ՀՀ նախագահի լուսանկարիչ:
Մարտին Շահբազյանը ծնվել է 1940 թ. հունիսի 25-ին, Երեւանում: 1958-ին ավարտել է Նար Դոսի անվան միջնակարգ դպրոցը: Սկսած 6-րդ դասարանից` հաճախել է Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատի լուսանկարչական խմբակ: Դպրոցն ավարտելուց հետո, որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ: 1966 թ.-ից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում: 1974-76 թթ.-ին աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից: 1976-2001 թթ.-ին աշխատել է «Արմենպրես» գործակալությունում: 2001-ից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցն է: Բազմիցս մասնակցել է միջազգային, միութենական ու հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ: 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը Reuters գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում:
168.am-ի խմբագրակազմը ցավակցում է Մարտին Շահբազյանի հարազատներին, մտերիմների և ընկերներին: