«200 000 անապահով, ցածր աշխատավարձ ստացող մարդկանց աշխատավարձի բարձրացում չի լինելու. Բարձրանալու է 150.000-2 մլն դրամ ստացողների աշխատավարձը». Արփինե Հովհաննիսյան
«Մի քանի օր առաջ երբ լայվ էի մտել, վարչապետ Փաշինյանի դուրը դա այնքան էլ չէր եկել, բայց այսօր կրկին խիզախել եմ. Ասֆալտին փռվելու, պատերին ծեփվելու վերահաս վտանգն աչքիս առաջ ունենալով, միևնույն է, որոշել եմ ներկայացնել իմ դիտարկումները որոշ հարցերի հետ կապված։ Խոսքը այն մասին է, որ մի քանի օր առաջ վարչապետը հայտարարեց, որ 350.000 անձի աշխատավարձ է բարձրանալու, և նշեց նաև այդ աշխատավարձի բարձրացման աղբյուրը, այն է՝ եկամտահարկի իջեցման մտադրությունը, այսինքն՝ եկամտահարկը պետք է դառնա 23 տոկոս»,- աշխատավարձերի բարձրացման հետ կապված վարչապետի հայտարարությունը մեկնաբանելիս մասնավորապես նշեց ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ այստեղ կա մեծ շփոթ, որովհետև իրականում բարձրանալու է այն 350.000-ի աշխատավարձը, ովքեր, ըստ վարչապետի՝ «ճռռում են, որ պահեն 800.000 մարդու»։
Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ մեխանիզմն այնպիսին է, որ այսօրվա դրությամբ կան մոտ 200.000 քաղաքացիներ, ովքեր ստանում են մինչև 150.000 դրամ աշխատավարձ, այդ մարդիկ այսօր վճարում են 23 տոկոս եկամտահարկ, և նրանց աշխատավարձը չի բարձրանալու նաև այդ փոփոխությունը կատարելուց հետո, որովհետև նրանք ինչպես վճարում էին այդ 23 տոկոսը, նույնկերպ էլ շարունակելու են վճարել։
«Իսկ ո՞ւմ մոտ է տեղի ունենալու աշխատավարձի բարելավում։ Իրականում դա տեղի է ունենալու 150.000-2.000.000 դրամ աշխատավարձ ստացողների մոտ, որոնք այսօր վճարում են 28 տոկոս եկամտահարկ և 23-ի դեպքում էական բարձրացում են ունենալու։ Իսկ էլ ավելի լավ վիճակում կգտնվեն այժմ 36 տոկոս եկամտահարկ վճարող, 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք՝ 36-ի փոխարեն վճարելով 23 տոկոս եկամտահարկ։ Փաստորեն անապահով խավն ու ցածր աշխատավարձ ստացողներն աշխատավարձի բարձրացում չեն ունենալու»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց նաև, որ սա կարևորվում է այն համատեքստում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ իր ՀՀԿ գործընկերները ներկայացրել էին մի նախագիծ, որով առաջարկվում էր ոչ թե՝ համահարթեցնող մոտեցում, այլ՝ տարբերակված։ Էությունն այն էր, որ, եթե մարդիկ ստանում են մինչև 500.000 աշխատավարձ, վճարեն 20 տոկոս եկամտահարկ և այդ դեպքում կզգային տարբերությունը, իսկ եթե կես միլիոնից ավելի էին ստանում, ապա եկամտահարկը, ըստ իրենց առաջարկի, պետք է լիներ 25 տոկոս։ Բայց Կառավարությունը նախընտրեց այլ տարբերակ, և արդյունքում՝ 200.000 անապահովներ աշխատավարձի բարձրացում չեն ունենա։
«Սրա պատճառն այն է, որ, թեև հայտարարվում է հարկային աննախադեպ հավաքագրման մասին, բայց դա իրականությանը չի համապատասխանում, ՊԵԿ-ն այդ առումով խնդիր ունի, և դրա համար էլ չընդունեցին 25 և 20 տոկոս հարկման մեխանիզմը։ Նաև այդ պատճառով էր, որ ցանկանում էին անցնել համատարած հայտարարագրման, և որքան էլ վարչապետը, կառավարությունը և ՊԵԿ նախագահը հերքեն այդ գաղափարի առկայությունը, դա անհերքելի է. այդ գաղափարը եղել է»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը։
Մանրամասները՝ տեսանյությում։
200000-300000 անձի աշխատավարձ չի բարձրանալու!!!!
Gepostet von Arpine Hovhannisyan am Mittwoch, 28. November 2018