Բաժիններ՝

«Սա վերջինն է, մենք խաբվել ենք». Աջ ղեկով մեքենա ներմուծող վարորդները՝ Նիկոլ Փաշինյանին

Նոյեմբերի 28-ին «Ղեկը աջ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Բագրատաշենի անցակետում մեծ կուտակումներ են:

168.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանն ասաց, որ մեքենաները սահմանում կանգնած են, «ասեղ գցելու տեղ չկա»:

«Բեռնատարների հերթը մինչև վրացական կողմ հասնում է: Անելանելի վիճակ է սահմանում: Սրանք այն մեքենաներն են, որոնք աջ ղեկով են, դեռ փոխված չէ ղեկը: Քիչ առաջ վարորդների հետ հանդիպեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ասաց, որ խնդիրը կուսումնասիրեն և կպատասխանեն»,- նշեց Դավիթ Գասպարյանը:

Ընդգծենք, որ, երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց վարորդներին՝ հարցրեց, թե ինչո՞ւ են շարունակել աջ ղեկով մեքենաներ ներմուծել՝ իմանալով, որ դրանք արգելված են:

Կարդացեք նաև

Վարորդներն էլ պատասխանեցին, որ մեծ քանակի մեքենաներ չկան, թիվը 800-1000-ի  սահմանում է:

«Սա վերջինն է, մենք խաբվել ենք»,- վարչապետի պաշտոնակատարին ասացին վարորդները՝ նրանց ցույց տալով Մաքսայինի պատին փակցված հայտարարությունը, որտեղ գրված է եղել, որ արգելքը մինչև հոկտեմբերի 1-ն է:

Նշենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր.

«Աջ ղեկերը կարող են վարել ՀՀ-ում, ներմուծել չեն կարող, ինչ վերաբերում է սահմանին գտնվող մեքենաներին՝ 3 ճանապարհ ենք առաջարկել. մեքենան ներմուծել՝ ոչ որպես տրանսպորտային միջոց, երկրորդ` ընտրել տարանցիկ ճանապարհ, որը չի արգելվում օրենքով, այսինքն` տարանցել Հայաստանով ցանկացած երկիր, և տարբերակ երրորդ՝ 1 տարի ժամանակ տրամադրել, որպեսզի ներմուծված մեքենան հնարավոր լինի վերասարքավորել ձախակողմյան ղեկով»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում աջ ղեկով մեքենաների ներմուծմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ բողոքում են՝ պնդելով, որ այս տարվա ապրիլի 1-ից այդ մեքենաների ներկրումն արգելող օրենքի նախագծի քննարկումների փուլում իրենց ասվել է, որ արգելքը ժամանակավոր է՝ մինչև հոկտեմբերի 1-ը:

Այդ մասին իմանալով՝ իրենք փորձել են մեքենաներ ներկրել և ներմուծել հոկտեմբերից, սակայն պարզվել է, որ ընդունված օրենքում արգելքը ոչ թե ժամանակավոր բնույթ է կրում, այլ՝ մշտական:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս