
Արմեն Սարգսյանը Բեռլինում մասնակցել է համաշխարհային անվտանգության հարցերով քննարկմանը

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը:
Միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ԳԴՀ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ:
Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել համաշխարհային անվտանգության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների, առկա մարտահրավերների և սպառնալիքների, դրանց դիմակայելու հնարավորությունների շուրջ։
Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանը բաց է համագործակցության համար և պատրաստ է դառնալ տարաբնույթ քննարկումների հարթակ։