«Պետությունն իր անունից կայացված դատավճիռը չի կարող դնել կասկածի տակ, քանի որ այն գտնվում է օրինական ուժի մեջ». Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյան

Այսօր Վերաքննիչ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:

Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը: Դատական նիստին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դատական նիստից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն այսօրվա դատական նիստից՝ մասնավորապես նշել է.

«Մենք այս դատական նիստին չենք եկել սպասելիքների ակնկալիքով։ Մենք եկել ենք, որ ներկայացնենք մեր և մեր վստահորդի դիրքորոշումը։ Այսօր պետք է ներկայացնենք երկու փաստարկ։ Մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում այն արտահայտությունը, որ 2008թ. փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ը Հայաստանում փաստացի սահմանված է եղել ռազմական դրություն, իսկ դա նշանակում է, որ հրամանագրով ռազմական դրություն սահմանված չի, բայց Հայաստանում գործում է փաստացի ռազմական դրության վիճակ։ Եվ մեր փաստարկն այն էր, որ ռազմական դրությունը նախատեսված է օրենքով, և այն բաղկացած է մոտ 20 տարբեր կոմպոնենտներից, և այդ օրերին այդ կոմպոնենտներից գոնե մեկը գոյություն չի ունեցել։ Այսինքն՝ փաստացի ռազմական դրություն իրականում չկար և չէր կարող լինել»։

Ըստ Հայկ Ալումյանի՝ մյուս փաստարկն այն է, որ մեղադրանքի մեջ նկարագրվում է, իբր մարտի 1-ի ցույցը, որը ցրվել է ուժի կիրառմամբ, եղել է բացառապես խաղաղ և անզեն, և իրենք վկայակոչել են ուժի մեջ մտած տասնյակից ավելի դատական ակտեր, դատավճիռներ, որտեղ հստակ գրված է, որ այդ ցույցի այս կամ այն մասնակիցը կատարել է այս կամ այն բռնի գործողությունը, կիրառել է այս կամ այն զենքը։

«Դրանք ուժի մեջ մտած դատավճիռներ են, և այդ դատավճիռները կասկածի տակ կարող է դնել այն անձը, ում նկատմամբ դրանք կայացվել են, կամ ցանկացած քաղաքացի, բայց պետությունն իր անունից կայացված դատավճիռը չի կարող դնել կասկածի տակ, քանի որ այն գտնվում է օրինական ուժի մեջ։ Եվ այս օրինական ուժի մեջ մտած դատավճիռները քննչական մարմինը դրել է կասկածի տակ՝ մեղադրանքի մեջ նշելով դրանց ուղղակիորեն հակասող փաստարկներ»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամը։

Տեսանյութեր

Լրահոս