«Ես չեմ ճանաչում մի սովորական մարդ, որ հէկ-ի տեր է, բոլորը օլիգարխատիպ բաներ են». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր Ջերմուկում հայտարարեց, որ Ամուլսարի հետ կապված իրավիճակը ստեղծվել է դատական իշխանության վատ աշխատանքի արդյունքում։

«Մենք ունենք իրավիճակ, երբ դատական իշխանություն երկար տարիներ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք դատական համակարգ, բայց չենք ունեցել դատական իշխանություն։ Ամուլսարի այս իրողությունը չեղած դատական համակարգի արդյունք է, որտեղ մարդու ձայնը չեն լսել։ ԼՀԿ-ն այն կուսակցությունն է, որտեղ կան շատ հմուտ իրավաբաններ, ինքս զբաղվել եմ իրավապաշտպան գործունեությամբ, գիտեմ՝ ինչ է պետք անել, և այդ դրույթներն արտացոլված են մեր նախընտրական ծրագրերում։

Մենք ասում ենք՝ այլևս Հայաստանում չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ դատարաններն անտեսեն մարդկանց, որ ինչ-որ գործարքների արդյունքում ներդրողները ներդրում անեն, հետո պարզվի, որ դա շատ վատ էր, չէին լսել մարդկանց, սկսեն լսել մարդկանց, հետո ներդրողներն ասեն՝ ձեր երկրի վերաբերյալ վատ իմիջ եք ստեղծում»,- ասաց նա։

ԼՀԿ-ն, ըստ նրա՝ իրավունքի գերակայության վրա խարսխված դատական իշխանության ձևավորման ծրագրով է հանդես գալիս. «Մենք ունենք մասնագետներ, ովքեր գիտեն՝ ինչպիսի դատական համակարգ է մեզ պետք։ Չմտածեք, թե ԱՄՆ-ում, եվրոպական զարգացած երկրներում մարդու իրավունքները չեն ոտնահարվում. այն էլ ոնց են ոտնահարվում, բայց այնտեղ մարդը գիտի, որ ինքը կգնա համապատասխան մարմին, և իր շահերը կպաշտպանվեն, կվերականգնվեն իր ոտնահարված իրավունքները»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով հէկ-երի խնդրին, ասաց, որ դրանք անգամ 0.5 տոկոս սոցիալական պատասխանատվություն չունեն.

«Որ համայնքից ջուրը վերցրել են՝ ամբողջությամբ մտցրել են իրենց խողովակների մեջ։ Մարդիկ իրենց ամենաբնական իրավունքներից զրկվել են հէկ-երի գործունեության արդյունքում, բայց գոնե այդ իրենց աշխատած փողի սոցիալական պատասխանատվությունը չունեն՝ այդ համայնքներում մի լավ բան անելու. միայն իրենք հարստանան։ Ես չեմ ճանաչում մի սովորական մարդ, որ հէկ-ի տեր է, բոլորը օլիգարխատիպ բաներ են։ Երեկ Ագարակում ասում էին՝ Աղվան Հովսեփյանի հէկ-երն են այստեղ, ամբողջ մեր բնությունն ապականել են»։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ վերոնշյալ օրինակները խոսում են Հայաստանի հիվանդ քաղաքական համակարգի մասին. «Մեր բոլոր խնդիրների լուծման բանալին քաղաքական համակարգի առողջացումն է։ Մենք պետք է ձևավորենք ճիշտ, լավ գործող խորհրդարան, որից հետո փուլ առ փուլ ՀՀ քաղաքացուն ծառայող կառույցներն ուղղելով՝ պետք է գնանք առաջ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս