«Չի կարելի, չէ՞, ի վերջո, դու պետության ղեկավար ես». Վարուժան Բաբաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Տավուշի մարզում ԲՀԿ վարկանիշային թեկնածու Վարուժան Բաբաջանյանի մոտ քարոզարշավը մսուր-մանկապարտեզի տպավորություն է թողնում։ «Դա իր օբյեկտիվ պատճառներն ունի, քանի որ ցուցակներում ունենք քաղաքականությամբ չզբաղված և պատահականորեն այնտեղ հայտնված մարդկանց։ Ընդհանուր առմամբ, շատ տխուր տպավորություն է, շատ անորակ քարոզարշավ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։

Ըստ նրա՝ թեև վերևից վարչական լծակները գործի դնելու հրահանգ չկա, բայց իներցիայով դա տեղի է ունենում՝ աշխատում է «տասովշիկների» ինստիտուտը. «Քանի որ չեն կարողացել ազդեցիկ թեկնածուներ գտնել, հիմա այդ թեկնածուներն իշխանության անունից մոտենում են ձայն բերողների ինստիտուտին, ասում են՝ Նիկոլի թիմից ենք, մեր կողքին կանգնեք, մենք էլ վաղը-մյուս օրը ձեր երեխեքին մի տեղ պաշտոնի կտեղավորենք»։

Վարուժան Բաբաջանյանի համար անհասկանալի է՝ ինչու է Փաշինյանն ամեն երևույթից հետո սկսում գոռգոռալ. «Չի կարելի, չէ՞, ի վերջո, դու պետության ղեկավար ես, իսկ պետության քաղաքացիներ են նաև հանցագործները, բա ինչո՞ւ է պետությունը կալանավորների համար սննդի գումար հատկացնում, դե, թող սովամահ անեն։ Դա էլ մի սխալված քաղաքացի է, որին ինչ-որ կերպ փորձում ենք ուղղել։ Ամեն անգամ դուրս գալ, ամեն թեմայից հետո հոխորտալ՝ քեզ կդատեմ, կփռեմ ասֆալտին, սա պետություն է, բոստան չէ, խորհրդականներ չունի՞։ Ամեն անգամ, երբ տեսնում եմ էմոցիոնալ հայտարարություններ, սիրտս ցավում է այս պետության համար։ Այդ մարդը պետք է լինի պետության սթափության երաշխավորը»։

Նա ընդգծեց՝ որևէ երկրում չեն կարող լինել ներդրումներ, որտեղի ղեկավարներն էմոցիաներով են առաջնորդվում։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե ընտրում են վարչապետ, ոչ թե խորհրդարան, նա հետևյալն ասաց. «Այդ վարչապետը եթե վաղը հրաժարական տա, խորհրդարանը չէ՞ այս երկրի պատասխանատուն։ Դրա համար էլ մարդիկ հիմա դատարկ թերթիկ են ընտրում, ոչ թե թիմ»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս