«Ամոթալի հայտարարություններ են հնչում». Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Հրանտ Մարգարյանին
«Մենք պիտի շարունակենք մեր աշխատանքը Ռուսաստանի հետ մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ուժեղացնելու համար, և մենք ասել ենք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է բարձրացնենք նոր և առավել վստահելի մակարդակի վրա»,- այսօր Վանաձորում նախընտրական հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ դա ոչ միայն՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում, այլև՝ երկկողմ ձևաչափով։
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ում վերջին շրջանում բավականին բուռն քննարկումներ են տեղի ունենում, որոնց առանցքային իմաստը կազմակերպության անդամ երկրների դաշնակցային հարաբերությունները հստակեցնելն է։ Նա հարցադրում արեց՝ դուք գիտե՞ք, թե պրակտիկայում ՀԱՊԿ-ն ՀՀ-ի նկատմամբ ինչ պարտավորություն ունի, և հակառակը։ Փաշինյանի խոսքով՝ պարզ չի, թե ինչու են մեր դաշնակիցները զենք վաճառում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրին։ Նրա կարծիքով՝ սա անվտանգության բավականին լուջ մարտահրավեր է, և գործընկերների հետ պետք է այդ թեման պարզ ու շիտակ քննարկեն, որպեսզի իմանան անելիքները։ Փաշինյանն ընդգծեց, որ քաղաքականապես բոլոր առումներով պետք է ուժեղանանք, որպեսզի հույսն առաջին հերթին դնենք մեր վրա։
Ղարաբաղի հարցի վերաբերյալ Ն.Փաշինյանը նշեց, որ վարչապետ ընտրվելուց հետո ահազանգեր է ստանում ինչ-որ պարտադրանքների, զիջումների և այլնի մասին. «Ինչի՞ մասին են խոսում էն իշխանության ներկայացուցիչները, որոնք ի վիճակի չեն եղել ՀՀ-ն արժանապատիվ ներկայացնել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում»։
Նրա խոսքով՝ Վանաձորի մուտքի մոտ Վահրամ Բաղդասարյանի պաստառն է տեսել՝ «Եթե մտահոգ ես անվտանգությամբ, քվեարկիր Հանրապետականին». «Ժողովուրդ ջան, ՀՀԿ-ն իր իշխանության տարիներին թե՛ ներքաղաքական, թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով մեր անվտանգության բոլոր երաշխիքները քայքայել է։ Ախր, ես զարմանում եմ, բանակը թալանած իշխանությունն անվտանգությունից խոսալու ի՞նչ իրավունք ունի»։
Ն.Փաշինյանը նշեց, որ ամոթալի հայտարարություններ են հնչում, օրինակ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայցուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, թե մայիսից էս կողմ ՀՀ-ին զենք չի մատակարարվել։ Այդ կարգի հայտարարությունները Փաշինյանի մոտ տպավորություն են ստեղծում, թե ասում են՝ «հարձակվեք, մենք՝ էս կողմից, դուք՝ էն կողմից»։
«Դուք ընդհանրապես ինչո՞վ եք մտածում։ Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչին՝ Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն պլանավորված ձևով, և ես ուզում եմ այդ առումով ձեզ հուսախաբ անել, բայց նաև ուզում եմ ասել՝ խոսո՞ւմ եք, ուրեմն խոսեք նաև՝ ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի և սպառազինությունների մատակարարման հետ»։
Նա հավաստիացրեց, որ ՀՀ ԶՈՒ-ն և հայ ժողովուրդն, ի հեճուկս ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի և ՀՀԿ-ի, պատրաստ է կանգնել մինչև վերջ իր հայրենիքը պաշտպանելու գործում։
Ն.Փաշինյանը շեշտեց, որ ԼՂ կարգավորման հարցում կառավարության և ժողովրդի ցանկություների միջև որևէ խզում չկա, բայց դա ճիգ ու ջանք է պահանջելու, բոլորը պետք է շատ քրտնաջան աշխատեն, պետական եկամուտներն ավելացնեն, սպայական կազմի բարեկեցության, զինվորի ծառայության պայմանների վրա պետք է աշխատեն, հարկ վճարողները պետք է շատանան, վճարված հարկերն ավելանան, բյուջեն կրկնապատկվի ու եռապատկվի։ Ըստ նրա՝ մեր պարտավորությունն է՝ ԼՂ խնդիրը կարգավորել արդարացի, բացառապես խաղաղ ձևով։ Նա հայտարարեց, որ պատրաստ ենք մեր ազգային երազանքների պատասխանատվությունը վերցնել. «Դա շատ մեծ պատասխանատվություն է, այս պատմական հնարավորությունը պետք է օգտագործել»։