
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը՝ մանդարինը որպես խորհրդանիշ ընտրելու և քարոզարշավը ժամը 11:02-ին սկսելու մասին

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները շարունակում են քարոզարշավ իրականացնել Երևանում:
Այսօր էլ, երեկվա նման, մարդկանց մանդարին են բաժանում՝ ծրագրի հետ միասին: Միայն թե մեկ տարբերություն կար. շրջիկ քարոզարշավը սկսեցին ժամը 11:02-ին:
168.am-ը կուսակցության անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ Սուրեն Սահակյանից հետաքրքվեց, թե ինչի՞ հետ էր կապված նման ժամի ընտրությունը, և ինչո՞ւ է որպես խորհրդանիշ ընտրվել մանդարինը:
«11-ը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների թիվն է, 2-ն էլ մեր քվեաթերթիկի թիվն է: Իսկ մանդարինը, ավելի ճիշտ, նրա ձևն ու կառուցվածքը խորհրդանշում է սոցիալ-դեմոկրատիայի արժեքները: Այն նմանների, հավասարների համախումբ է, և երբ բաժանում ես նրանց՝ ստացվում է արդյունքի բաշխումը»,- պարզաբանեց Սուրեն Սահակյանը:
Հարցին՝ էլ ինչո՞վ է իրենց կուսակցությունը տարբերվում մյուսներից, Սուրեն Սահակյանը պատասխանեց.
«Ես չեմ տեսել մի կուսակցության ծրագիր, որտեղ մեր գաղափարներն արտացոլված լինեն: Կան կուսակցություններ, որոնք հռչակված են սոցիալ-դեմոկրատական, բայց գործնականում երբեք այդպիսին չեն եղել»:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամը հայտնեց նաև, որ առաջին անգամ է որպես թեկնածու մասնակցում ընտրություններին, տեսնում է, որ մարդիկ հետաքրքրված են ծրագրով:
«Երբ տեղեկացնում եմ, որ թեկնածու եմ, երկար խոսում են տարբեր հարցերի շուրջ: Մարդիկ խնդիրներ ունեն և լուծման առաջարկներ են ուզում ստանալ, ինչն էլ փորձում ենք անել»,- նշեց նա:
Անի Կարապետյան