ՄԵՆՔ դաշինքն առաջարկում է 20 հազար պայմանագրային զինծառայող վերցնել ու ժամկետային զինվորներին ետ բերել առաջին գծից

«Հիմի ինչ ա կատարվում մեր երկրում՝ տասնյակ-հազարավոր չինովնիկներ, որոնք պետական աշխատողներ են, իրանց աշխատանքի վայրում նստած չգիտեն՝ էս ընտրությունից հետո իրանք աշխատելո՞ւ են, թե՞ նորն եկածը հանելու ա։ Էս խնդիրը միանշանակ լուծել ա պետք»,- այսօր Ծաղկահովիտ գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը՝ նկատելով, որ Նիկոլ Փաշինյանն էլ էր ասում, որ այս հեղափոխությունը որևէ կուսակցության չի, այն ոչ թե ինքն է արել, այլ ժողովուրդը։

Հետևաբար, ըստ Սարգսյանի, մարզպետարաններում և այլուր պետք է լինեն ոչ միայն այն մարդիկ, որոնք քայլել են Փաշինյանի հետ, այլև նրանք, որոնք 90-ականներից սկսած պայքարում են երկրի համար։

Ա.Սարգսյանն անդրադարձավ աշխատանքի խնդրին ու նշեց, որ պետք է ստեղծել աշխատատեղեր, պետք է արդյունավետ օգտագործել բնական ռեսուրսները, օրինակ՝ ջուրը, որ նավթից թանկ է, նաև պետք է օգտագործել մտավոր ռեսուրսը։ Նա հիշեցրեց, որ նախկինում արհեստական ադամանդի գործարաններ են եղել Հայաստանում, որոնք հիմա չեն աշխատում, բայց մասնագետները կարող են նորից նույն գործն անել։

Ա.Սարգսյանի խոսքով՝ ժողովրդի մոտ սպասում կա, որ ծածուկ են ասում, դա պատերազմի սպասումն է, որ կարող է ամեն օր լինել. «Պատերազմում են ոչ թե բանակները, այլ պատերազմում են պետությունները։ Հզոր պետությունը հաղթում է, թույլ պետությունը՝ պարտվում։ Մենք պիտի հզոր պետություն դառնանք, իսկ հզոր պետություն դառնալու համար պիտի ճիշտ ընտրություն կատարենք, իշխանությունները ձևավորված լինեն ժողովրդի կամքով, բոլորով համախմբվենք ու մենք դառնանք։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կարողացանք մենք դառնալ, ու էլի կարող ենք»։

Կարդացեք նաև

Ա.Սարգսյանի խոսքով՝ իրենք առաջարկում են 20 հազար պայմանագրային զինծառայող վերցնել, որը լրիվ թույլ կտա ժամկետային զինվորներին ետ բերել ու ռազմական գործ սովորեցնել. «Մենք, ասենք՝ ես, 50 և ավելի տարեկան մարդ եմ, կարող եմ էդ սահմանին ինքնաձիգով կանգնել ու նայել՝ մարդ գալիս է, թե չէ։ Էդտեղ շատ սովորելու բան չկա։ Տեսականորեն՝ պահակային աշխատանք է, առավել ևս՝ էսօրվա դրած սարքերով»։

Ա.Սարգսյանը նշեց, որ այդ 20 հազար ժամկետային զինծառայողի ծախսը 220 մլն դոլար է, որ մեծ թիվ չի, բայց շատ մարդ չի գնա խոպան, ընտանիքներ չեն բաժանվի, գումարը կմտնի շրջանառության մեջ.

«18 տարեկան երեխա ունեցող ծնողներն էլ շաքարային դիաբետով չեն հիվանդանա, չեն վախենա՝ իրենց երեխան գնաց, հանգիստ էր, հանգիստ չէր, ռադիոյի կամ ամեն քաղաքական գործչի տափակ վերլուծությունից, որ վաղը պատերազմ է, պատերազմ չէ, չեն վախենա։ Կլուծվի նաև էս խնդիրը»։

 

Տեսանյութեր

Լրահոս