
Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին կանվանակոչվի Ռաֆայել Լեմկինի անվամբ

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչվեց իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անվամբ: Երևանի ավագանու 46 անդամ կողմ քվեարկեց որոշմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն ասաց, որ որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված փորձագիտական եզրակացության համաձայն՝ նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին:
«Մենք ունենք Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սպորտի, սոցիալական հանձնաժողովների դրական կարծիքը: Կադաստրի պետական կոմիտեն ևս դրական եզրակացություն է տվել»,-ասաց նա:
Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանն էլ հավելեց, որ Բաղրամյան առաջին փակուղին համարվում էր թվային անվանում, հիմա այդ անվանումը դարձվում է անվանական անվանում, և սրանով չի խախտվում կառավարության որոշման որևիցե կետ:
«Բազային դասակարգիչը մնում է իր տեղում: Որպես փողոց՝ նախկին անվանումն անվանափոխվում է, դառնում Ռաֆայել Լեմկինի անվան փողոց: Որոշումն ամբողջովին իրավաչափ և իրավազոր է»,-ասաց Արեյանը: