
Կոշտ խոսակցություն իշխանական ՔՊ-ի ներսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, շաբաթ օրվա երթի մասնակցության ցուցանիշները դարձել են լուրջ քննարկման առարկա իշխանության միջանցքներում ու ՔՊ-ի կուլիսներում: Նիկոլ Փաշինյանը չի բավարարվել միայն երթը հեգնողներին ֆեյսբուքում տված կոշտ պատասխանով:
Թիրախում հատկապես հայտնվել են աշխատակազմի որոշ պաշտոնյաներ, որոնք պատասխանատու էին երթի կազմակերպչական աշխատանքների համար, և ՔՊ-ի երևանյան կառույցների պատասխանատուները:
Վերջիններս նկատողություն են ստացել երթին բավարար քանակով մասնակցություն չապահովելու համար: Որպես արդարացում նրանք պնդել են, թե զբաղված էին քարոզարշավի նախապատրաստական աշխատանքներով և չէին կարող միաժամանակ երկու ճակատով աշխատել:
Մյուս կողմից նրանք արդարացել են, որ իրենց արգելված է եղել, այսպես կոչված, վարչական ռեսուրս կիրառել, այսինքն՝ քանակ ապահովել, օրինակ, դպրոցների կամ բուհերի հաշվին:
Ամեն դեպքում որոշվել է, որ բացի Փաշինյանի գրառումից այլ մեկնաբանություններ այս հարցով չպետք է լինեն ու թեման պետք է արագ մոռացության մատնել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: