Գիտնականները հայտնել են արհեստականորեն փոփոխված ԴՆԹ-ով առաջին երեխաների ծնվելու մասին
Չինացի գիտնական Հե Ցզյանկույը պնդում է, որ օգնել է ստեղծելու աշխարհում առաջին մարդկանց՝ արհեստականորեն փոփոխված գեներով երկու երկվորյակ աղջիկների: Նրա խոսքով՝ նորածինների ԴՆԹ-ն փոփոխության է ենթարկվել գեների խմբագրման նոր մեթոդի (CRISPR) միջոցով:
Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտնել է Associated Press գործակալությունը: «Վերափոխման էությունն այն է, որ օրգանիզմին անընկալունակություն տրվի ՄԻԱՎ վիրուսի նկատմամբ,- պարզաբանել է Հե Ցզյանկույը:- Նման մուտացիա բնական կերպով հանդիպում է մարդկանց մեջ, բայց շատ հազվադեպ է»:
Գիտնականը հայտարարում է, որ «պատասխանատվություն է զգում այդ գիտափորձի համար, եւ այն անցկացրել է ոչ միայն այն բանի համար, որ առաջինը լինի այդ բնագավառում, այլեւ որպեսզի ճանապարհ բացի դեպի նման հետազոտությունների համար»:
Հե Ցզյանկույի պնդումներին գիտնականների առաջին արձագանքը միանշանակ չի եղել: Նրանցից շատերը հայտարարել են, թե նման գիտափորձերի անցկացումը վաղաժամ է, վտանգավոր եւ բժշկական էթիկայի խախտում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: