ԲՀԿ-ն կվերականգնի գիտնականների և մանկավարժների բարձր հեղինակությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ հեղափոխությունը միայն մեկ՝ քաղաքական տարր չի պարունակում։

Ըստ նրա, եթե կա քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխություն, սակայն չի նկատվում փոփոխություն հասարակական կյանքի այլ ոլորտներում, ապա հեղափոխություն անվանելը դառնում է վերապահումով։

«Ողջունելով Հայաստանում ամիսներ առաջ տեղի ունեցածը, այնուամենայնիվ կարծում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք, քան ունեինք մինչև հեղափոխությունը։ Մասնավորապես, կա հեղափոխության սոցիալական բաղադրիչ, մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ՀՀ-ում  սոցիալական բոլոր խմբերը կարողանան ունենալ արժանապատիվ մասնակցություն կյանքին»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։
Նա նկատեց, որ վերջին տարիներին Հայաստանում կտրուկ նվազել է մանկավարժի և գիտնականի հասարակական դերն ու նշանակությունը, ուստի պետք է նրանց դերը վերականգնեն։

«Ցավոք, որոշ մարդկանց ձեռամբ, մանկավարժերն ավելի շատ վեր են ածվել ընտրակեղծիքներ կատարելու, ընտրություններում ինչ-որ հարցեր լուծելու մի գործոնի, որը մեզ համար բացարձակապես անընդունելի է։ Մենք կարևորում ենք մանկավարժի և գիտնականի դերը մեր կյանքում և մեր հետագա քայլերում պետք է այնպես անենք, որ կարողանանք վերականգնել սոցիալական այդ շերտի բարձր հեղինակությունը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ հեղափոխությունն ունի նաև մշակութային բաղադրիչ, իսկ այսօր Հայաստանի մշակութային կյանքը գտնվում է ոչ գովելի վիճակում, և իրականությունն այն է, որ մշակույթը դոփում է տեղում։

«Մշակույթի գործիչների մի մասը լքել է Հայաստանը, մի մասն էլ այստեղ է, բայց հնարավորություն չունի իր հնարավորություններով աշխատուժը ծառայեցնել հանուն Հայաստանի։ Մենք գործուն քայլեր պետք է անենք նաև մշակութային հեղափոխության ճանապարհին։ Որպես հայ ընտանիքի ներկայացուցիչ՝ չեմ կարող չասել, որ առայժմ Հայաստանում չկա հստակ եթերային պետական քաղաքականություն։ Ցավոք, մշակութային արժեք կոչված, բայց  իրականում այդ աղբն այսօր ստիպված ենք ճաշակել մեր ընտանիքներում։ Պետք է հետամուտ լինենք, որ երեխայի դաստիարակությունն ապահովվի պետական մակարդակով»,- շեշտեց Գ. Պետրոսյանը և հավելեց, որ հեղափոխություն պետք է լինի նաև իրավական, հատկապես՝ դատական ոլորտում։

Գևորգ Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ խորհրդարանում մեծ ներգրավվածություն ունենալու դեպքում փորձելու են օրենսդրական լուծումներ տալ հայ ընտանիքի առջև ծառացած խնդրին. «Ընտանիքը հանդիսանում է հասարակության հիմնական բջիջը, ԲՀԿ-ն ավանդական արժեքների կողմնակից է»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս