
Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհանդիպի Հայաստանում գործունեություն ծավալող և Հայաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված գերմանացի գործարարների հետ: Քննարկումներ կծավալվեն հայաստանյան ներդրումային և գործարար միջավայրի, հայ-գերմանական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:
Հանրապետության նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը, ինչպես նաև կայցելի Գերմանիայի Կարմիր խաչի կազմակերպություն, որը հատկապես վերջին 30 տարիներին բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում Հայաստանում:
Պաշտոնական այցի շրջանակում նախագահը կայցելի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ:
Հայաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգը ներառում է նաև այցելություններ ԳԴՀ մի շարք գիտակրթական և գիտատեխնիկական հաստատություններ: Արմեն Սարգսյանը դասախոսություններով հանդես կգա «Բերթելսման» հիմնադրամում, Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանում:
Հանրապետության նախագահը հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլինում (Konzerthaus Berlin) ներկա կգտնվի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ: