«Սասնա ծռեր» կուսակցությունը ԱԺ բակից սկսեց քարոզարշավը և կառավարությանը զգուշացրեց՝ «ափըռ-ցփըռ» խոսելու համար կկանչվի խորհրդարան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը սկսեց Բաղրամյան պողոտայից՝ Ազգային ժողովի բակից։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ նախընտրական քարոզարշավը խորհրդարանի բակից սկսելու մեջ հատուկ խորհուրդ կա։

«Վերջապես տարիներ ի վեր մեր քաղաքական, քաղաքացիական պայքարի այս հանգրվանում ենք, որ կարող ենք արդեն մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։ Չնայած իրենց բազմաթիվ թերություններին ու բացթողումներին, այնուամենայնիվ, այս ընտրությունները շատ հուսադրող են, խոստանում են լինել լեգիտիմ և զգալի չափով արտացոլելու են մեր ժողովրդի կամքը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Վ. Ավետիսյանը։

Ըստ նրա՝ դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, ինչն արտացոլված է կուսակցության նախընտրական ծրագրում։

Կարդացեք նաև

Վարուժան Ավետիսյանի բնորոշմամբ՝ իրենց կուսակցությունն առաջիկա երկու տարին դիտարկում է՝ որպես անցումային փուլի ժամանակահատված, ուստի առաջիկա խորհրդարանը պատկերացնում են՝ որպես անցումային խորհրդարան։

«Մենք ներկայացրել ենք ծրագիր երկու տարվա համար։ Մեր կարծիքով՝ խորհրդարանը երկու տարի հետո այլևս պետք է ամփոփած լինի իր անցումային փուլի անելիքը և գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նախատեսում ենք, որ այդ ընթացքում պետք է ընդունվի նոր սահմանադրություն, և հենց դրա հիմքով  պետք է լինեն արտահերթ ընտրություններ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Նա համոզված է, որ հասարակությունն ընտրություններում լինելու է ակտիվ, քանի որ դրանցով վճռվելու է հայ ժողովրդի բախտը։

Անդրադառնալով կուսակցության՝ «Ժամանակն է» կարգախոսին, Վարուժան Ավետիսյանը նշեց, որ այդ կարգախոսն արտացոլված է իրենց նախընտրական ծրագրում։

«Մեր ծրագրում յուրաքանչյուր կարևոր բաժնից առաջ կա «Ժամանակն է» կարգախոսը, և ժամանակն է անելու այդ ամենը, մասնավորապես՝ ծրագրի հինգ հիմնական բաժինները՝ իրավունք և արդարություն, պետական կառավարման համակարգի արդյունավետացում և կադրային քաղաքականություն, սոցիալ-տնտեսական զարգացում, անվտանգություն և պաշտպանություն, Արցախի միացում, արտաքին հարաբերություններ և հայրենիք-սփյուռք։ Ահա այս բաժինների մեջ զետեղված են այն բոլոր պատկերացումները, որոնք ժամանակն է իրականություն դարձնելու»,- շեշտեց Վարուժան Ավետիսյանը։

Ստեփան Գրիգորյանը, ով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականում է, իր խոսքում նշեց, որ «Սասնա ծռերը» գալիս են, ինչն անխուսափելի է, և նրանք սկզբունքային, ազնիվ  ու պայքարող մարդիկ են։

««Սասնա ծռերը» գալիս են, սա անխուսափելի է, նրանք գալիս են մի քանի հարցեր լուծելու, օրինակ՝ կանխելու ցանկացած փորձ տարածքներ հանձնելու, լինի դա լեգիտիմ թե ոչ լեգիտիմ իշխանություն, մենք թույլ չենք տա. քաղաքական դաշտում բոլորը պետք է խելոքանան։ Գալիս ենք քաղաքական դաշտն ազատելու քաղաքական թափոններից, գալիս ենք օրենքներով զբաղվելու համար, կառավարությունը վերահսկելու, ուզում եմ կառավարությանը զգուշացնել, որ նա ժողովրդի ծառան է, և մենք հետևելու ենք, թե ինչպես է նա աշխատելու, ափըռ-ցփըռ խոսելը կկանխենք, կկանչենք Ազգային ժողով և կպահանջենք, որպեսզի կառավարությունը պատասխանի իր յուրաքանչյուր արտահայտության համար։ Մենք Ազգային ժողովը կդարձնենք գաղափարական մարմին»,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը։

Նշենք, որ քարոզարշավի մեկնակից առաջ «Սասնա ծռեր»  համահայկական կուսակցության անդամներն Ազգային ժողովի բակում հանդես եկան մամուլի ասուլիսով:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս