
Ուկրաինայի զինված ուժերը լիակատար մարտական պատրաստության են բերվել

Ուկրաինայի զինված ուժերի միավորումներն ու զորամասերը Գլխավոր շտաբի պետի որոշմամբ «լիակատար» մարտական պատրաստության վիճակի են բերված: Նոյեմբերի 26-ին այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ռազմական դրության իրավական ռեժիմի սահմանման վերաբերյալ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) որոշման հիման վրա Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետը – զինված ուժերի գլխավոր հրամանատարը հրաման է տվել Ուկրաինայի զինված ուժերի միավորումներն ու զորամասերը «լիակատար» մարտական պատրաստության բերելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱԱՊԽ-ի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը նոյեմբերի լույս 26-ի գիշերը Կերչի նեղուցում ստեղծված իրադրության պատճառով հրապարակել է երկրում 60 օր ժամկետով ռազմական դրություն սահմանելու Ուկրաինայի նախագահի հավանությանն արժանացած նախաձեռնությունը: Այժմ այն որպես օրինագիծ պետք է քննարկի Գերագույն ռադան, որը, խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիի խոսքով՝ նիստ կգումարի նոյեմբերի 26-ին Երեւանի ժամանակով 18:00-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: