
«Միգրացիայի ազգային ինստիտուտը մտադիր է արտաքսել նրանց, ովքեր փորձել են բռնի հայտնվել ԱՄՆ-ում». ԱՄՆ-ը միգրանտների քարավանի դեմ արցունքաբեր գազ է կիրառել

ԱՄՆ-ի զինվորականներն արցունքաբեր գազ են կիրառել արգելապատի վրայով Միացյալ Նահանգերի տարածք ներթափանցել փորձող քարավանի մի քանի միգրանտների նկատմամբ: Այդ մասին հայտնել են զանգվածային լրատվամիջոցներն իրադարձությունների վայրից:
Մելքսիկայի Milenio TV հեռուստատեսությունը նաեւ ցուցադրել է կադրեր, որոնցում մի քանի միգրանտներ սահմանին փորձում են հաղթահարել ցանկապատը: ԶԼՄ-ների տվյալներով՝ շուրջ 500 միգրանտներ փորձել են Տիխուանայի շրջանում ԱՄՆ-ի սահմանին ճեղքել-անցնել սահմանային պարիսպը, սակայն դա անել նրանց չի հաջողվել:
«Միգրացիայի ազգային ինստիտուտը (Մեքսիկա) մտադիր է արտաքսել նրանց, ովքեր փորձել են բռնի հայտնվել ԱՄՆ-ում: Նրանք, ում մեզ հաջողվեց նույնականացնել, կարտաքսվեն, նրանք խախտել են Մեքսիկայի օրենքը»,- մեջբերում է անում Milenio-ն Մեքսիկայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալֆոնսո Նավառետեի հայտարարությունից:
Մեքսիկայի ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 25-ին հայտարարել է, որ սկսած հոկտեմբերի 19-ից երկիրն արտաքսել է Կենտրոնական Ամերիկայի երկրների 11 հազար քաղաքացի: Հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ նրանցից ավելի քան 1,9 հազարը եղել են քարավանների մասնակիցներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: