«ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին. հիմա ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրս». Նիկոլ Փաշինյան
«Միջազգային չափորոշիչը ո՞րն է, այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է սենյակից դուրս չգա՞»,- Արամի փողոցում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն կարծիքների, թե միջազգային չափորոշիչներով ՝ մարզային այցերի ժամանակ Փաշինյանը քարոզչություն է իրականացրել, չարաշահել է լիազորությունները։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ նախընտրական քարոզչության մեկնարկը տրվում է նոյեմբերի 26-ին, ինչո՞ւ եք նախաձեռնել երթ իրականացնել նոյեմբերի 24-ին։ «Իսկ օգոստոսի 17-ին, որ հանրահավաք էինք անում, դա խախտո՞ւմ էր, թե՞ ոչ, ասենք՝ Երևանի քաղաքապետի ընտրություններ էր դիմացը։ Կամ որ գնացել եմ Սյունիքի, Վայոց Ձորի մարզ»,- պարազաբանեց Փաշինյանը։
Դիտարկմանը՝ օգոստոսի 17-ին 100 օր էին ամփոփում, Փաշինյանն արձագանքեց. «Հիմա հարյուորերորդ օրն աշխատում ենք, ի՞նչ խնդիր կա։ Առաջադրանք համայն աշխարհի իրավաբաններին, հատկապես՝ հանրապետական. որևէ քաղաքացի, այդ թվում՝ վարչապետը, սահմանափակվա՞ծ է որևէ օր որևէ երթ անել։ Դա իրենց Հայաստանում էր այդպես, այս Հայաստանում նման բան չկա։ Կոչեր կարող են հնչել միշտ։
ՀՀ ԸՕ-ն և քարոզչության համար սահմանված ժամկետները հետևյալի համար են՝ քարոզչության համար սահմանված ժամկետից դուրս մարդիկ սահմանափակված չեն որևէ օր որևէ քարոզչություն անել, որովհետև քաղաքական ուժերը պետք է անընդհատ քարոզչություն անեն։ Քարոզչության ժամկետի շրջանում կան որոշակի սահմանափակումներ, օրինակ, եթե դրանից դուրս դուք կարող եք բուկլետներ բաժանել, որոնք կապ չունի՝ որտեղ են տպվել, նախընտրական քարոզչության ժամանակ բուկլետների վրա նշված է՝ որտեղ է տպվել, ինչ տպաքանակով, և այդ նյութի ստեղծման համար վճարումը պետք է կատարվի նախընտրական հիմնադրամից»։
Հարցին՝ ուժեր ստուգելու խնդիր ունի՞, մարզերում տրամադրությունների անկում է տեսել, դրա համա՞ր է այս երթն անում, նա պատասխանեց. «Ինչի՞ մասին եք խոսում։ Ես միշտ շփվել եմ ժողովրդի հետ և շարունակելու եմ շփվել։ Երթն ունի քայլելու բնույթ։ Մենք կարող են ընտրական հարցեր շոշափել կամ չշոշափել, թող ցույց տան միջազգային չափանիշերը։ Հերիք է Հայաստանում խոսեն առանց հիմնավորումների։ Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, հիմա ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրս։ Իմ նախընտրական քարոզչությունը սկսել եմ 2007թ. և չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ ես քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում»։
Նա ընդգծեց, որ մարզերում իր թիմի վարկանիշի հետ կապված՝ միայն դրական շարժեր է տեսել։