«Մեդիան պետք է ամբողջովին հավատարիմ մնա հանրային վերահսկողության կարևոր դերակատար լինելու իր գործին». Սարգիս Խանդանյան
Հայաստանում մայիսին իրականացված հեղափոխությունից հետո մեծագույն մարտահրավերներից են մեդիայի առաջ կանգնած մարտահրավերը: «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը:
«Երբ տարիներ շարունակ գործող խաղի կանոնները հանկարծակի փոխվում են, բավական մեծ մարտահրավերներ են ստեղծվում տարբեր տեսանկյուններից մեդիայի համար»,- ասաց նա՝ շնորհավորելով «Արմենպրես» լրատվական գործակալությանը հիմնադրման 100-ամյակի առիթով, և նշելով, որ ամենահին հայկական պետական գործակալությունը կարողացել է համահունչ քայլել ժամանակի հետ ծագած մարտահրավերների հետ:
«Այսօր բավական լավ առիթ է շնորհավորելու «Արմենպրես» լրատվական գործակալությանը` հիմնադրման 100 -ամյակի առիթով: Այսօրվա ընտրված թեման և «Արմենպրես»-ի անցած հարյուրամյա պատմությունը համահունչ են, որովհետև գործակալությունը կարողացել է համընթաց քայլել ժամանակի բերած մարտահրավերների հետ»,-ասաց Սարգիս Խանդանյանը:
Կարևորելով մեդիայի դերը փոփոխվող աշխարհում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն արձանագրեց, որ մեդիան պետք է ամբողջովին հավատարիմ մնա հանրային վերահսկողության կարևոր դերակատար լինելու իր գործին:
«Հուսով եմ, այսօրվա քննարկման ընթացքում մենք կունենանք որոշ հարցերի պատասխաններ, թե որքանով են արդարացված այն մտահոգությունները, որ բերում են թվային դարաշրջանը, արդյոք դրանից տուժո՞ւմ է ավանդական լրագրությունը, թե մենք պետք է օգտագործենք այս ներուժը կատարելագործվելու և ժամանակին համընթաց քայլելու համար, բայց նաև հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որ բերում է թվային և սոցիալական մեդիան»,- ասաց նա:
Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկած «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում մեդիա ոլորտի մասնագետներն ու փորձագետները կքննարկեն լրատվամիջոցների ապագային վերաբերող հարցերն ու լրատվական ինդուստրիայի զարգացման հեռանկարները:
Մեդիաֆորումը կազմակերպվել է «Արմենպրես» լրատվական գործակալության և ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։
ԱՊՀ երկրների ինստիտուտը հիմնադրվել է 1996 թ. Մոսկվայում։ Այն Ռուսաստանի առաջին և միակ գիտական կենտրոնն է, որի բացառիկ նպատակն է հետազոտել ետխորհրդային տարածքի երկրների աշխարհաքաղաքական վիճակը, ուսումնասիրել անդամ պետությունների միջև երկկողմանի եւ բազմակողմանի հարաբերությունները: Ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը բացվել է 2007թ. մայիսին։
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին։ Ներկայում գործակալությունը թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն՝ 5 լեզվով։ Գործակալությունը նաև «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» (ռուսերեն) պաշտոնաթերթերի հրատարակիչն է։