«Բոլոր տնտեսվարողներն էլ ունեն ոլորտային խախտումներ, դա նորմալ է». Նաիրա Նահապետյան
«Բոլոր տնտեսվարողներն էլ ունեն ոլորտային խախտումներ, դա նորմալ է, որովհետև վերջին 3 տարին ունեցել ենք սակավաջրություն, խնդիրներ, իսկ հէկ-երն աշխատում են բնական ռեսուրսի վրա»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոքր հէկ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը։
Նրա խոսքով՝ հէկ-ը չի կարող լինել 1 մեգավատտանոց և վերցնել 5 մեգավատտանոց կայանի ջրի քանակ. «Դա հնարավոր չէ։ Այն միտքը, որ հէկ-ը վերցնում է շատ ջուր և սկսում է շատ արտադրել, հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է ջրաչափերին, ապա մենք ամեն օր ունենք այն ջրաքանակը, որը տրվում է մեզ, և արտադրվում է էլեկտրաէներգիա։ Ջրաչափի թեման երբևէ չի եղել, օրենքում գրված էր՝ ջրաչափական սարք, որը չափում է ջրի քանակը։ Նախ՝ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մենք ջուր չենք օգտագործում, մենք օգտագործում ենք ջրի ուժը, իսկ ջուրն ինչ քանակությունով մտնում է, նույն քանակությունով դուրս է գալիս, չի կարող ցնդել կամ մնալ տուրբինայի մեջ։ Անհասկանալի ալիք է բարձրացել, որն արագ կկարողանանք կարգավորել։ Դեմ չեմ, իհարկե, կան անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնց մոտ սխալ է սանիտարական թողքերի հարցը։ Բայց անբարեխիղճ տնտեսվարողի համար չի կարելի վերցնել և ամբողջ ոլորտը մտցնել ցնցումների մեջ»։
ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանը չի կարծում, թե իր կուսակցական պատկանելությունը կարող է մասնագիտական խոչընդոտ հանդիսանալ. «Ես հանդիպել եմ վարչապետի հետ, որ կարողանանք մեր ոլորտը կարգավորել։ Մեր կուսակցությունը ոչ մի խնդիր չի առաջացնում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում