«Տեսնում եմ աճող սպառնալիքներ, աճող մարտահրավերներ և, ցավոք, դրանց հակազդելու ոչ բավարար քայլեր ու գործողություններ». Արթուր Բաղդասարյան

«Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցությունը կմասնակցի «Օրինականություն, արդարություն, ապահովություն» կարգախոսով: Օրենքի գերակայությունը Հայաստանի զարգացման կենարար ճանապարհը պետք է լինի, ազգը, հասարակությունն արդարության, այդ թվում՝ սոցիալական արդարության կարիք ունի: Ազգը, հայրենիքը ցանկանում է սոցիալական ապահովություն և անվտանգություն:

Այս կարգախոսով մենք փորձում ենք հավակնել ժողովրդի վստահության քվեին: Գործող Ընտրական օրենսդրությունը տալիս է շատ հստակ հարցեր և պատասխաններ, որ խորհրդարանում անպայման պետք է ներկայացված լինեն նվազագույնը երեք քաղաքական ուժեր, և մեր կուսակցությունը հավակնում է լինել այդ քաղաքական ուժրից մեկը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նա նշեց, որ  «Օրինաց երկիր» կուսակցությունն ընտրութուններին մասնակցելու է՝ մի քանի նկատառումներից ելնելով:

«Մենք կարծում ենք, որ միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններով կարող է լինել հեղափոխության կապիտալիզացիա, ձևավորվել իշխանություն, որը կարող է ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծել: Ճիշտ է, այս 7 ամիսները բավարար ժամանակ չէ 30 տարվա ախոռները մաքրելու համար, սակայն բավարար ժամանակ է երկրի զարգացման հստակ տեսլական ու ծրագիր ներկայացնելու համար: Մտահոգված լինելով այս հանգամանքով, ինչպես նաև երկրի ռազմավարական, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բացակայությությամբ, մենք որոշեցինք մասնակցել այս ընտրություններին:

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ այս ընտրությունների միջոցով երկրում անպայման պետք է ձևավորվի այնպիսի խորհրդարան, իշխանություն, որն ի վիճակի կլինի ազգի առջև ծառացած սոցիալ-տնտեսական հարցերը լուծելու»,- շեշտեց Արթուր Բաղդասարյանը:

Նրա դիտարկմամբ՝ իրենք այսօր տեսնում են կիսատ-պռատ իրավիճակային լուծումներ և համակարգված ծրագրի բացակայություն, ինչը նույնպես մարտահրավեր է հայ ժողովրդի համար:

Ըստ նրա՝ հեղափոխության նպատակներից պետք է լինի կոռուպցիայի, թալանի, գանձագողության դեմ համակարգված պայքարը, բայց գլխավոր նպատակը պետք է լինի Նոր Հայաստանի զարգացման այնպիսի հնարավորության ստեղծումը, որպեսզի հեղափոխության արդյունքները ժողովրդի համար շոշափելի լինեն:

«Տեսնում եմ աճող սպառնալիքներ, աճող մարտահրավեչներ և, ցավոք, դրանց հակազդելու ոչ բավարար քայլեր ու գործողություններ: Վերջին տարիների ընթացքում բազմիցս քննադատել եմ նախաձեռնողական արտաքին քաղաքականության բացակայությունը, որը Հայաստանի համար առաջացրել է մարտահրավերներ: Այս մրցակցող տարածաշրջանում տեսնում ենք, որ Հայաստանի առջև լրջագույն նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ են առաջ գալիս, որին ի զորու է դիմակայել միայն ուժեղ և համախմբված քաղաքական թիմը: Նախկինում հիմքեր չեն դրվել, որպեսզի մենք ակտիվ մասնակցություն ունենանք տարածաշրջանային ծրագրերին, ցավոք, այս 7 ամիսների ընթացքում ևս դրա հիմքերը չեն դրվել»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:

Տեսանյութը՝ շուտով

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս